Չգիտես, թե որտեղից կարող են հայտնվել. մասնագետները՝ շարժական արագաչափերի մասին
«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը ոչ դեմ է, ոչ էլ կողմ ոստիկանության որոշմանը` տեղադրել շարժական տեսախցիկներ Երեւան-Սեւան մայրուղում. «Մեզ համար տարօրինակ է, որ ոստիկանական 400 մեքենային, որոնց մեջ արդեն արագաչափ են տեղադրված ավելացնում են եւս մեկը, որի տեղը վարորդները չեն իմանալու: Լավ բան է, պետք է արվի, բայց մենք ասում ենք, որ դա պետք է արվի այնպես, ինչպես մյուս երկրներում, պետք է նշված լինի՝ որտեղ է սարքը դրված»: «Ա1+»-ի հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է, որ ՃՈ-ն որոշել է հավելյալ գումար կորզել վարորդներից, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. « Դե ինչքան է ավելորդ գումար կորզելու միջոց` չգիտեմ, բայց փաստ է, որ սովորական մեքենաների մեջ տեղադրված կլինեն, մեկն էլ կապոտը կբացի կկանգնի, որ վարորդները չկասկածեն»։ Կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանն էլ համոզված է, որ ՃՈ-ի նման որոշումը վարորդներին մանիպուլյացիայի ենթարկելու միջոց է. «Կարծում եմ՝ այս անանուն սարքերի տեղադրումը եւ վարորդներին չասելը, թե որտեղ են տեղադրված՝ սխալ է: ՃՈ-ի մեքենաներն ավելի կսթափեցնեն նրանց, քան այդ սարքերը, որոնք չգիտես, թե որտեղից կարող են հայտնվել»: Վարորդների պաշտպանները եւս մեկ մտահոգություն ունեն: Երեւան-Սեւան մայրուղում, վաղը սպասվող մեծ ավտոհոսքի մեջ այդ սարքերը չեն կարող ֆիքսել, թե կոնկրետ որ մեքենան գերազանցեց արագությունը: Մասնագետների կարծիքով`բոլոր եղած արագաչափերը բավական են մեքենաների արագությունը չափելու համար: