Քաղաքապետարանը պարզաբանում է, ճարտարապետը՝ զայրանում
Դեպի Հաղթանակի զբոսայգի տանող Սարալանջի խճուղու եզրապատերը սվաղվում են բետոնային շերտով։ «Կիկլոպ» անվանումը կրող այդ շարվածքը կառուցվել է անցյալ դարի կեսերին՝ գերմանացի ռազմագերիների կողմից։ Հնչող մտահոգությունները, թե այլևս հնարավոր չի լինի վերականգնել որոշակի հնություն ունեցող այդ շերտը, Երևանի քաղաքապետարանը փարատում է.
«Սոցիալական ցանցում տեղ գտած և այնուհետ որոշ զանգվածային լրատվամիջոցներով շրջանառված այսպես կոչված «ահազանգն» այն մասին , թե իբր Սարալանջի հին խճուղու դեպի Հաղթանակ զբոսայգի տանող ճանապարհահատվածի հենապատի նորոգման աշխատանքները փչացրել են դրա տեսքն ու խախտել ճանապարհի այդ հատվածի ներդաշնակությունը՝ մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում: Ահազանգի հեղինակները շափից դուրս շտապել են այն հնչեցնելիս, քանի որ հենապատի նորոգման, ամրացման և ճանապարհի այդ հատվածի բարեկարգման աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Այսպես կոչված «ահազանգի» հեղինակները և այն տիրաժավորողները եթե հետաքրքրվեին և պատշաճ հարցում կատարեին Երևանի քաղաքապետարան, ապա կտեղեկանային, որ Սարալանջի հին խճուղու հենապատի վերականգնման աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի 2015թ. ծրագրի շրջանակներում:
Աշխատանքները սկսվել են մայիս ամսին և, համաձայն պայմանագրի, նախատեսվում է ավարտել օգոստոսի 25-ին: Կտեղեկանային նաև, որ, համաձայն նախագծի, նախատեսված է վերանորոգումն իրականացնել հենապատի փլուզված և վնասված հատվածներում՝ պահպանելով նախկին տեսքը և ձևը:
Մասնավորապես՝ նորոգման աշխատանքների ընթացքում հենապատի այն հատվածները, որոնք մինչ վերանորոգման աշխատանքների մեկնարկը եղել են բետոնյա՝ վերանորոգվում են բետոնային շաղախով և սվաղվում, իսկ նախկինում բազալտե կիկլոպային շարվածքով հատվածը, որը փլուզվել է՝ վերականգնվում է նույն շարվածքով, որի վրա կտեղադրվեն բազալտե թասակները»։
Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը չի հավատում քաղաքապետարանի հայտարարությանը։ Պարոն Առաքելյանը զայրացել է, երբ տեսել է իրականացված աշխատանքները։ Ըստ նրա՝ տեխնիկապես հնարավոր չԷ արդեն սվաղված շերտը վերականգնել։ վանդալիզմին սովոր ենք։
«Վանդալիզմին սովոր ենք մենք։ Ո՞նց ա վերականգնելու, երբ այն արդեն սվաղվել է նույն չափի մեջ, սվաղը ավելի առաջ է քան քարը։ Ո՞նց է վերականգնելու, քարը իր չափերն ունի, քարը իր խորությունն ունի, քարը իր կոնստրուկտիվ ձևերն ունի, ո՞նց ա վերականգնելու, քարերը ո՞ւր են։ Սվաղում են, հետո քարը բերելու են կլեյո՞վ կպցե՞ն, ում են էշի տեղ դնում, ո՞նց կլինի էդպես»։
Ձմեռային այս լուսանկարները քաղաքապետարանինն է, որը դրանք տարածել է հետեւյալ մեկնաբանությամբ. «Կից ներկայացվող լուսանկարներում հստակ երևում է , թե ինչ տեսք է ունեցել հենապատը մինչ նորոգման աշխատանքների մեկնարկը և ինչ տեսք ունի աշխատանքների ներկա փուլում»։
Այս թեմայով այլ տեսակետներ կներկայացնենք վաղը։
Սրանք Ա1+-ն այսօր է նկարել.
