Միգրացիոն խորհրդատվական կենտրոնները հանձնվեցին նախարարությանը (տեսանյութ)
Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերում գործող միգրացիոն տեղեկատվական եւ խորհրդատվական կենտրոններն այսօր հանձնվեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությանը։ Վերջին 2 տարիների ընթացքում կենտրոնները գործել են Զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններին կից։ Գործունեության ընթացքում միգրացիոն կենտրոններն աջակցություն են ցուցաբերել ինչպես պոտենցիալ, այնպես էլ վերադարձած միգրանտներին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սոնա Հարությունյանի խոսքերով՝ նպատակն է աջակցել պոտենցիալ միգրանտներին՝ տեղեկանալու տարբեր երկրների միգրացիոն քաղաքականությանը, անհրաժեշտության դեպքում ընդգրկել մասնագիտական ուսումնական ծրագրերում, որպեսզի դառնան օրինական միգրանտներ։ Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանն էլ հիշեցնում է, որ միջին հաշվով ամեն ամիս մոտ 300 անձի տրվում է խորհրդատվություն։ Նրա խոսքերով՝ վերադարձողների ամենալուրջ խնդիրն աշխատանք ունենալն է, ինչպես նաեւ բարձր վարձատրվող աշխատանք ունենալը, որովհետեւ իրենց համար դժվար է հարմարվել մեր աշխատավարձին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե Մարիա Մեդիանան հույս ունի, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կապահովի անհրաժեշտ կադրեր եւ ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են վերադարձող եւ պոտենցիալ միգրանտներին։ Ծրագրի իրականացման համար մինչ այս պահը հատկացվել է 1,032,670 եվրո, որից 826,000 եվրոն տրամադրվել է Եվրամիության կողմից։