Խորհուրդներ շոգ եղանակին (տեսանյութ)
Մասնագետները խորհուրդ են տալիս. առավոտյան ժամը 12-ից մինչեւ 17:00–ն արեւայրուք չընդունել, ինչպես նաեւ չշրջել քաղաքում։ Արեւային այրվածքների երկու ազդեցություն կա՝ ընդհանուր եւ տեղային։ Այրվածքաբան Նազի Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց այս երկու ազդեցությունների մասին եւ թե ինչպես խուսափել արեւահարություններից։ Ընդհանուր այրվածքի դեպքում՝օրգանիզմի ջերմաստիճանը բարձրանում է, իսկ տեղայինի դեպքում, երբ մարմնի որոշ հատվածներ այրվում են, սա արեւայրուքից է առաջանում։ Այրվածքներ ստանում են հիմնականում բաց մաշկ ունեցողները։ Արեւահարության նշաններից են՝ ջերմության բարձրացում, սրտխառնոց, ճնշման անկում։ Իսկ տեղայինի դեպքում՝մաշկի կարմրություն, այրող բնույթի ցավ։ Այրվածքաբանը խորհուրդ է տալիս. լողափում երկար ժամանակ չմնալ։ Պաշտպանվելու համար պետք է թույլ չտալ օրգանիզմի ջրազրկում, որի համար պետք է օգտագործել շատ հեղուկներ։ Եթե գնում եք լողափ՝ հատուկ արեւայրուք ընդունելու համար, ապա օգտագործել հատուկ քսուքներ; Առաջին օրը լողափում պետք է մնալ 10-15 րոպե, հետո միայն աստիճանաբար ժամանակը կարող եք ավելացնել։ Գեղեցիկ արեւայրուքի համար մի քանի շաբաթից կարող եք քսել արդեն արեւայրուքի համար նախատեսված քսուքներ, իսկ մինչ այդ՝պաշտպանիչ քսուքներ։ Այրվածքների դեպքում հիվանդին տեղափոխել ստվերային տարածություն, շատ հեղուկ տալ, հնարավորության դեպքում տեղափոխել բուժկետ։ Երկրորդ աստիճանի այրվածքները արտահայտվում են մանր բշտիկներով՝հեղուկ պարունակությամբ;։ Այս դեպքում անհրաժեշտ է վիրահատական օգնություն։ Այրվածքների դեպքում շատերն օգտագործում են բուսական յուղ, մածուն, սակայն այրվածքաբանը նշում է, որ դրանք ոչ մի ազդեցություն չեն ունենում.«Մածունի ազդեցությունը միայն սառը լինելն է, եւ մարդկանց թվում է, թե մեծ ազդեցություն է ունենում եւ օգնում է իրենց, բայց դրա փոխարեն կարելի է միայն սառը թրջոց դնել»,–ասաց այրվածքաբան Նազի Բարսեղյանը։ Նա խորհուրդ է տալիս նաեւ հագնել բաց գույնի, բամբակյա հագուստ։ Այրվածքաբանը նշեց նաեւ, որ այս ժամանակահատվածում իրենց դեռ դիմել են այրվածքներ ունեցող 10 հիվանդ, որից 4-ը դեռ բուժում է ստանում։