Ինչպես խուսափել վարակներից (տեսանյութ)
Հայաստանում աղիքային ինֆեկցիայի համաճարակ չկա. պաշտոնապես հայտարարում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը. «Համաճարակը մի քանի երկրում տարածված վիրուսն է, օրինակ՝ էբոլան, իսկ մեզ մոտ ուղղակի մշտական սեզոնային դեպքերի ավելացնումն է»: Տիկին Բակունցը հավաստիացնում է, որ ամառվա սեզոնին աղիքային ինֆեկցիաների ավելացման պատճառը առանց ջերմային մշակման օգտագործվող սննդամթերքն է, օրինակ՝ միրգն ու բանջարեղենը։ Նման դեպքերից խուսափելու համար բժիշկը եւս մեկ անգամ հիշեցնում է. «Պետք մանրամասն լվանալ միրգն ու բանջարեղենը՝ հոսող, խմելու համար նախատեսված ջրով եւ խուսափել անգամ մի փոքր փչացած միրգ-բանջարեղենից։ Պետք է մշտապես լավ լվանալ ձեռքերը, հատկապես, երբ գործ ունենք երեխաների հետ»։ Իսկ երբ արդեն ախտանշաններ կան՝ սրտխառնոց, փսխում, բարձր ջերմություն, բժիշկը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի. «Ինքնաբուժությունը ամենասխալ բանն է»։ «Ա1+»-ի հարցին, թե այնուամենայնիվ ինչո՞ւ է այս տարի ավելացել աղիքային ինֆեկցիայի դեպքերը, Նունե Բակունցը պատասխանեց. «Դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 1.06 տոկոսով։ Սա չնչին է ու այս սեզոնի համար նորմալ։ Պարզապես այս տարի մահվան դեպք գրանցվեց ու սկսեցին ավելի շատ խոսել դրա մասին։ Թունավորման բոլոր դեպքերում հարուցիչները տարբեր են եղել, իրար հետ դեպքերը կապ չունեն»,- վստահեցրեց տիկին Բակունցը։