Հայկական հաքերային խումբը հարձակման է ենթարկում պետական կայքերը
Այս օրերին Հայաստանում առկա լարվածությունը տեղափոխվել է նաև տեղեկատվական տիրույթ։ Մի քանի օրվա ընթացքում տարբեր տևողությամբ անհասանելի են եղել մի շարք պետական կայքեր՝ police.am, president.am, minenergy.am: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»- ի հետ զրույցում նշում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ այս օրերին ի հայտ է եկել անհայտ հաքերային խումբ, որն էլ հարձակման է ենթարկել պետական կայքերը։ «police.am կայքի վերաբերյալ կարող եմ նշել, որ այն ենթարկվել էր DDOC հարձակման, առաջացել էր ծանրաբեռնվածություն, ինչի հետևանքով էլ այն անհասանելի էր»,- նշում է նա։ Ըստ մասնագետի՝ կայքի աշխատանքի խափանման վերաբերյալ մեկնաբանությունում Ոստիկանությունն էլ նշել էր, որ խափանումը հանրային հետաքրքրության հետևանքով առաջացած ծանրաբեռնվածության հետևանք է։ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ տվյալ հաքերային խումբը գործում է Հայաստանի տարածքում, իսկ պետական կայքերի դեմ հարձակումներն այդ խումբը բացատրում է վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ «Հետաքրքրական է, որ հայկական տեղեկատվական տիրույթում այսպիսի դեպք առաջին անգամ է լինում, երբ հայկական հաքերային խումբը հարձակման է ենթարկում պետական կայքերը՝ ցուցաբերելով սոցիալական ակտիվիզմ։ Նրանք միշտ աշխատել են ընդդեմ թուրքական և ադրբեջանական ուղղության»,- հավելում է մասնագետը։