Պետք է պահպանել սնվելու կուլտուրան՝ վարակներից խուսափելու համար
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արմավիրի մարզում կան սուր աղիքային վարակի դեպքեր, բայց չկա համաճարակային խնդիր»,-ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցն այսօր կայացած ասուլիսի ժամանակ։
Բանախոսը նշեց, որ գրանցվող դեպքերը հանրության ուշադրությանն են արժանանում` պայմանավորված մեկ երեխայի ցավալի մահվան դեպքով։ Վիճակագրական տվյալները հավաստում են, որ թե՛ նախորդ տարվա, թե՛ այլ մարզերի համեմատությամբ Արմավիրի մարզում համաճարակային իրավիճակը նույնն է։
Նունե Բակունցը նշեց, որ աղիքային գանգատներով հիվանդների շրջանում հիվանդության պատճառների, հարուցիչների տեսակների, վարակի աղբյուրի, հիվանդության փոխանցման մեխանիզմների, հիվանդների միջև համաճարակաբանական կապի պարզաբանման ուղղությամբ կազմակերպվել են համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, որոնք զուգորդվել են լաբորատոր հետազոտություններով:
Նունե Բակունցը հավաստիացրեց, որ հանրապետությունում, այդ թվում` Արմավիրի մարզում համաճարակային իրավիճակը հանգիստ է։ Ինչպես նա, այնպես էլ` ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձան աղիքային վարակների տարածման ուղիներին և կանխարգելման միջոցներին` հանրությանը կոչ անելով խստորեն հետևել սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը։
Նշեցին, որ աղիքային վարակներից խուսափելու նպատակով նախարարությունը համագործակցում է այլ գերատեսչությունների, մասնավորապես` տեղական կառավարման մարմինների, Սննդի անվտանգության ծառայության հետ։
«Թե՛ մեր հիվանդանոցում, թե՛ Արմավիրի բժշկական կենտրոնում զրուցել եմ հոսպիտալացված երեխաների ծնողների հետ, հետաքրքրվել, թե ինչ են կերել երեխաները»,-ասաց գլխավոր ինֆեկցիոնիստը` հավելելով, որ պատասխանները պարզապես զարմացրել են։ Երեխաները կերել են անհամատեղելի, անգամ մեծերի համար դժվար մարսվող ուտելիքներ։
«Պետք է պահպանել սնվելու կուլտուրան։ Ամռանը աղեստամոքսային համակարգը ծանրաբեռնված է աշխատում։ Պետք չէ առավել ծանրաբեռնել»,-ասաց Արա Ասոյանը` հավելելով, որ անհասկանալի է, երբ ամռան տապին բնության գրկում հանգստանալիս պարտադիր խոզի խորոված են ուտում և թունդ խմիչքներ օգտագործում։ Մասնագետը խորհուրդ տվեց նման դեպքերում և, ընդհանրապես, թեթև սնունդ ընդունել։
Աղիքային վարակիչ հիվանդություններից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է՝
• Մրգերը, բանջարեղենն օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրի տակ,
• Սննդամթերքը պահել փակ տարաներում և սառնարանային պայմաններում,
• Խուսափել սնվել պատահական վայրերում, հատկապես՝ եթե սննդի պատրաստման համար առկա չեն համապատասխան պայմաններ,
• Խստորեն հետևել անձնական հիգիենայի պահպանման կանոններին,
• Խուսափել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
• Աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության,
• Չզբաղվել ինքնաբուժմամբ: