Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ ընտանիքներում զույգերը տեսողական կան, բայց ոչ՝ հուզական

Հասարակություն
923faad55fb18dc6f160436b5420d193

Հունիսի 23-ը ՄԱԿ-ը հռչակել է որպես այրիների օր։ Ամբողջ աշխարհում ներկայում ապրում է մոտ 245 մլն այրի։ Նրանց մեծ մասն աղքատության շեմին է։ Հայաստանում ապրում է 182.200 կողակցին կորցրած կին և 36.370 տղամարդ։ Այս մասին հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։ Ընդ որում՝ վերջին տարիներին այրիների թիվն աճել է։ «Առանց կողակցի կանանց ու տղամարդկանց մեծ մասն ապրում է քաղաքում։ Նրանց հիմնական մասը 60-ից բարձր տարիքի են»,-շեշտեց տիկին Կույումջյանը։ Հատկանշական է, որ կնոջը կորցրած տղամարդկանց մեծ մասն ամուսնանում է երկրորդ անգամ, իսկ կանանց դեպքում այդպես չէ։ Այրիների 56 տոկոսից ավելին տնտեսապես ակտիվ չեն։ «Այստեղ հոգեբանական փակ շղթա է ստեղծվում։ Խնդիրը զուտ սեռական չէ»,-կարծում է հոգեբան Աննա Բադալյանը։ Նա դրական է համարում, որ թե տղամարդկանց, թե կանանց դեպքում կողակցին կորցնելուց հետո երկրորդ անգամ են ընտանիք կազմում։ Հակառակ դեպքում խնդիրներն ավելի շատ են։ «Միայնակ կանայք ու տղամարդիկ դառնում են ունիվերսալ ծնողներ՝ և հայր, և մայր»։ Հոգեբանը նկատում է, որ վերջին տարիներին հատկապես կանայք ձերբազատվել են մի շարք կարծրատիպերից և երկրորդ անգամ են ամուսնանում։ Բայց այս առումով խնդիրներ դեռ շատ կան։ «Կանայք, երբ մնում են միայնության մեջ, դա էլ բացասական երևույթ է։ Կարող է լինել ագրեսիվ և պասիվ միայնություն։ Իսկ գուցե երկրորդ ընտրության դեպքում երեխա ունենար այդ անձը, ով կարող է հասարակության համար շատ պիտանի մեկը լիներ։ Բայց իրենք հոգեբանորեն կարծես կախված են մնում այն տեսակից, որն այլևս չկա»,-ասաց նա։ Հոգեբանը մի կարևոր կողմ է նաև նշում. «Մենք մահվան պատրաստ չենք, բայց պետք է ընդունենք մահն ու շարունակենք ապրել»։ Թեկուզ օջախը պահպանելու համար կորուստ ունեցած անձը պետք է ոտքի կանգնի։ Նա նաև շեշտում է, որ պետք չէ ծայրահեղ լինել կողակցից հետո նորից ամուսնանալու հարցում և բազում անգամներ ամուսնանալ։ «Կան ընտանիքներ, որտեղ կա և կին, և տղամարդ, բայց լիարժեք վիճակ չէ։ Զույգերը տեսողական կան, բայց ոչ հուզական»,-եզրափակեց հոգեբանը։