Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրությանը զրկում են 0,3 դրամանոց էներգիայից (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar3

Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահան Համազասպյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում խնդրի լուծման ճիշտ և արդյունավետ տարբերակը հելիոֆիկացիայի զարգացումն ու ջերմային էներգիայի օգտագործումն է։ Բանախոսի տեղեկացմամբ՝ այդ ծրագիրը ենթադրում է արևային տեխնիկայի և տեխնոլոգիաների մասսայական կիրառությունը Հայաստանում և Ղարաբաղում։ Ըստ նրա՝ դա այնպիսի ծրագիր է, որը զարկ կտա և՛ արդյունաբերության զարգացմանը, և՛ էներգետիկ խնդիրների լուծմանը։ «Սա անհամեմատ ավելի էժան և հուսալի սպասարկող սարքերի ներդրում է, որը հնարավորություն կտա հրաժարվել կենտրոնացած էներգամատակարարումից ։ Բացի դրանից, սա ունի նաև ռազմավարական նշանակություն՝ օրինակ, եթե ունենք 10-20 կենտրոնացված էներգոհամակարգ, դրանք պատերազմի ժամանակ շատ արագ շարքից դուրս կգան, իսկ հելիոֆիկացված սարքերը շատ դժվար են շարքից դուրս գալիս»,- նշում է պարոն Համազասպյանը։ Վերջինից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Հայաստանը ունի այդ հնարավորությունը օգտվել այդ ծրագրից և ինչպես պետք է դա իրականացվի։ Փորձագետը շեշտում է՝ անհրաժեշտ է ընդամենը սկսել այդ սարքերի արտադրությունը, եթե, իհարկե, իշխող վարչախումբը չխանգարի։ «Եթե այս ծրագիրը իրականա՝ մոտ 60%-ով գյուղական բնակավայրերում կպակասի գազի և էլեկտրաէներգիայի սպառումը։ Բնականաբար, սա իշխանություններին ձեռ չի տալիս՝ ամեն մեկը ունի իր բիզնեսը և իր շուկայից 60 % հանելը մեծ վնաս կլինի ։ Դրա համար էլ ամեն թույլատրված և չթույլատրված մեթոդներով պայքարում են այս ծրագրի իրականացման դեմ՝ ելնելով իրենց տնտեսական շահերից, ըստ այդմ էլ ստեղծում են խոչընդոտներ »,- ասաց նա՝ հավելելով, որ այս ծրագրի իրագործման պարագայում մարդիկ կստանան տեխնիկա, որի արտադրած էներգիայի ինքնարժեքը 1 կիլովատի դիմաց կկազմի ընդամենը 0,3 դրամ։ Վահան Համազասպյանի խոսքերով՝ սա այլընտրանք է Բաշխիչ ցանցերին։ Բանախոսը նկատում է, որ հարևան Թուրքիայում և Ադրբեջանում արդեն իսկ արագորեն զարգանում է արևային տեխնիկաների օգտագործումը,իսկ մեր երկրում այլ կերպ են մոտենում նման հարցերին։   Մանրամասները՝ տեսանյութում