«Բնակիչներին վռնդում են՝ Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելու համար» (տեսանյութ)
«Մինչ օրս մենք չունենք պատասխան, թե Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի փոխարեն ինչ է կառուցվելու, այսինքն դեռևս չկա այն նպատակը, թե ինչի համար են օտարում ուրիշի սեփականությունը, սակայն կա դրա կարիքը»,- շեշտում է Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը՝ խոսելով 2007թ-ի մարտի 1-ից վերոնշյալ տարածքները բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու մասին։ Բնակիչների վտարումից հետո ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Հարցի վերաբերյալ բնակիչները նախորդ տարի քաղաքապետարանի կողմից ստացել են այսպիսի պատասխանով նամակ. «Համաձայնեցված նախագիծ դեռևս առկա չէ»,- ներկայացնում է Վարդան Գերավետյանը՝ հավելելով. «Փաստորեն մարդկանց իրենց բնակարաններից վտարելն է բացառիկ գերակա հանրային շահ և «Լոքալ դեվելոփերս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Մայրապետյանի գրպանները լցնելը, այսինքն բացահայտ կերպով ապօրինություն է տեղի ունենում»։ Ըստ Վարդան Գերավետյանի՝ այդ տարածքներում Սամվել Մայրապետյանը մտադիր է կառուցել հյուրանոցային համալիր, իսկ օրենքով նախատեսված է, որ բիզնես նախագծերի համար տարածքը չի կարող ճանաչվել բացառիկ գերակա հանրային շահ։ Սրանից զատ բնակիչների պնդմամբ առկա են նաև մի շարք այլ խախտումներ։ «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչու օբյեկտիվ քննություն չի ընթանում և դատարանը հաշվի չի առնում այդ խախտումները, Վարդան Գերավետյանը ի պատասխան համոզմունք հայտնեց, որ դատարանը կաշկանդված է անաչառ որոշումներ կայացնել, ինչը պայմանավորված է Սամվել Մայրապետյանի դերակատարությամբ։ Բնակիչների պնդմամբ՝ Սամվել Մայրապետյանը չարաշահելով կառավարության և քաղաքապետարանի վստահությունը՝ զբաղվում է խարդախությամբ ՝ շահույթ հետապնդելու նպատակով։ «Ամեն անգամ այս հարցը բարձրացնելով՝ մենք բախվում ենք Սամվել Մայրապետյանին։ Մենք թույլ չենք տա Մայրապետյաններին տիրանալ մեր բնակարաններին և մեզ ապօրինաբար դուրս վռնդել այնտեղից, մենք նրան՝ մեր բնակարանները նվեր չենք տա»,-շեշտում են Տերյան և Լալայանց շենքերի բնակիչները։ Բնակիչներից հետաքրքրվեցինք նաև՝ գուցե Սամվել Մայրապետյանը չի չարաշահում քաղաքապետարանի վստահությունը, այլ գործը շահելու համար Քաղաքապետարանի հետ կոնկրետ համաձայնության է եկել. «Բնականաբար։ Մենք, միանշանակ, տեսնում ենք այդ հովանավորչությունը Սամվել Մայրապետյանի նկատմամբ։ Եվ սա միակ դեպքը չի»,-ի պատասխան նշեց Վարդան Գերավետյանը։ Այս շենքերը գերակա հնարային շահ ճանաչելու և բարենորոգման ծրագրեր իրականացնելու դեմ՝ բնակիչները կատարել են ստորագրահավաք։ 6 օրվա ընթացքում հավաքվել է 4400 ստորագրահավաք, որի ավարտից հետո բնակիչները պատրաստվում են դիմել Եվրադատարան։