Բիբինը շանտաժի լեզվով է խոսում. Նազարյանը խոստանում է նույն կերպ պատասխանել (տեսանյութ)
ՀԾԿՀ-ում քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը բազմաթիվ հարցեր սկսեց ուղղել հանձնաժողովի անդամներին: Սա դուր չեկավ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, եւ նա փորձեց սաստել. «Սա ԱԺ նիստ չէ»: «Պարոն Նազարյան, դուք ծառայում եք մեր շահերին, այլ ոչ թե ՀԷՑ-ի: Բիբինը արհամարհել է բոլորիս, չի ներկայացել անգամ ԱԺ լսումներին: Ուզում եմ հարց տալ՝ ՀԷՑ-ը 21 դրամով վերցնում է էլեկտրաէներգիա, չարչարվում են բոլորը՝ ատոմակայանը, ՀԷԿ-երը, իսկ ՀԷՑ-ը վաշխառուի նման վերցնում ու ծախսում է միայն ու թանկացնում էլեկտրաէներգիան: Ավելին, Բիբինը ՀԾԿՀ գործողություններն անվանում է աննորմալ գործընթաց: Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ քսաներկու միլիարդը հո քսաներկու դրամ չէ՞... Բա, էդ մեքենանները, որ գնել է ճոխ-ճոխ: Ես հասականում եմ, որ ձեր սիրտն էլ է ցավում, պարոն Նազարյան»,- վրդովված, բարձր ձայնով, առանց խոսափողի հայտարարեց Հովհաննես Մարգարյանը: «Ձեր վրդովմունքը մեզ էլ է պատել, պարոն Մարգարյան»,- արձագանքեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Պարոն Նազարյանը նաեւ իր վրդովմունքը հայտնեց ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի վերաբերյալ. «Առաջին անգամ է, երբ լիցենզավորված ընկերություն հայտ է ներկայացրել ու չի մասնակցում նիստին: Սա աննախադեպ երեւույթ է: Չեմ ուզում որեւէ բան ասել, քանի որ ցանկացած բառ կարող է ավելի մեղմ լինել, իսկ խիստ արտահայտածը՝ ոչ պարկեշտ: Ոնց որ ինքն է շանտաժի լեզվով խոսում, այնպես էլ մենք համապատասխան արձագանք կտանք»: