Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապագայի բժշկություն. երեխայի պորտալարում ցողունային բջիջներ կան (տեսանյութ)

Հասարակություն
11060900_901597133246496_9128967990058897177_n

2014 թվականի հոկտեմբերին մեր երկրում հիմնադրվեց նախկին ԽՄ երկրների շարքում միակ պորտալարային արյան բանկը։ Այստեղ պահվում է նորածինների պորտալարից անջատված արյունը։ «Պորտալարում են գտնվում ամենաթարմ, ամենահաջող ցողունային բջիջները։ Բայց նախկինում դա որպես աղբ նետվում էր, հետո որոշվեց, որ պետք է պահել արյունը»,-ներկայացնում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Սևակ Ավագյանը։ Ռեեստրն այժմ 27.000 դոնոր ունի, իսկ աշխարհում նրանց թիվը 28 մլն է։ Յուրաքանչյուր 18-50 տարեկան առողջ անձ կարող է համալրել նրանց շարքը։ Աշխարհում գործող 67 ռեեստրներից մեկը լինելով, հայկականը կապված է նրանց բոլորի հետ։ Եվ եթե մեր երկրի բնակչին պատվաստում հարկավոր լինի, դոնորը կարող է գտնվել այդ ռեեստրն ունեցող ցանկացած երկրում։ Սա թույլ է տալիս բուժել քաղցկեղի բազմաթիվ տեսակներ։ «Նախկինում արյան քաղցկեղի պարագայում եթե քիմիաթերապիան չէր օգնում, հիվանդները մահանում էին։ Իսկ այժմ նորածնի պորտալարի արյունը կարող է փրկել, քանի որ այն երիտասարդ արյուն է ու կարող է խթանել վատառողջ մարդու օրգանիզմի հիվանդ բջիջների գործունեությունը»,-շեշտեց մասնագետը։ Երեխայի ծննդից հետո ծնողը 1000 դոլար վճարելու դեպքում ի պահ է տալիս նրա պորտալարային արյունը։ Պայմանագիրը կնքվում է 20 տարի ժամկետով։ Այդ արյունը մշակվում ու պահվում է հատուկ տարաներում՝ հեղուկ ազոտի մեջ։ Եվ եթե տարիներ անց տվյալ անձին այդ ցողունային բջիջների փոխպատվաստումը հարկավոր լինի, փաստորեն, ինքը կդառնա իր իսկ դոնորը։ Այլ պարագայում դոնորն ու հիվանդը 100 տոկոս գենետիկայով պետք է համընկնեն։ «Այժմ մեզ 12 հոգի է դիմել։ Շատերը չգիտեն բժշկական այս կարևոր ձեռքբերման մասին, բայց կարծում եմ, որ նրանց թիվը կշատանա՝ տեղեկանալուց հետո»,-ընդգծեց պարոն Ավագյանը։ «Խոսքը 1 միլիլիտր արյան մասին է։ Երեխայի ծնվելուց մեծ գումարներ ծախսելու փոխարեն կարելի է վճարել այս կարևոր խնդրի համար։ Սա ապագայի բժշկությունն է»,-իր հերթին նշեց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մերի Թադևոսյանը։