«Հավկիթով ուտեստ պատրաստելու դեպքում այն պարտադիր լվացեք». մասնագետ (տեսանյութ)
Նախորդ տարի սնկից թունավորման 9 դեպք է գրանցվել, իսկ այս տարի՝ 11։ Այլ սննդատեսակներից թունավորման 27 դեպք է արձանագրվել՝ 36 տուժածով, որից մեկը՝ մահվան ելքով։ Իսկ այս տարի 8 դեպք՝ 10 տուժածով։ Այս տվյալները հայտնեց Առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։ Սնկից թունավորման գլխավոր դրդապատճառ մասնագետը համարում է այն, որ մարդիկ իրենք են գնում, հավաքում սունկը՝ հաճախ չհասկանալով, թե որն է ուտելի։ Իսկ հայաստանյան մի քանի մանկապարտեզում երեխաների աղիքային վարակների դեպքում գլխավոր պատճառներից մեկը համարում է հիգիենայի կանոնների ոչ լիակատար պահպանումը՝ սնունդը պատրաստողների կողմից։ Նույնը նշում է նաև թթից եղած թունավորման պարագայում։ «Հայ ազգը թութն առանց լվանալու է ուտում, ինչը սխալ է։ Չէ որ հավաքման ու տեղափոխման ժամանակ այն արդեն աղտոտվում է»։ Ամռան շրջանում պետք է խուսափել հատկապես կրեմային հրուշակեղենի, մայոնեզով աղցանների, դրսում պատրաստված մթերքի և գազավորված հյութերի օգտագործումից։ «Փոխարենը միրգ ու բանջարեղեն շատ կերեք։ Իսկ հավկիթով ուտեստ պատրաստելու դեպքում այն պարտադիր լվացեք»,-հորդորում է տիկին Բաբայանը։ Բացի այդ, պետք չէ մոռանալ, որ այս եղանակին ժամը 12.00-ից մինչև երեկոյան 18.00-ն պետք է խուսափել արևի ճառագայթներից։ «Իսկ քանի որ շոգից օրգանիզմը շուտ ջրազրկվում է, հեղուկ շատ օգտագործեք՝ հատկապես ջուր ու բնական հյութեր»,-նշեց մասնագետը։ Նա կոչ է անում նաև ծնողներին թույլ չտալ երեխաներին լողալ բաց ջրավազաններում, որտեղ ջուրը հիմնականում աղտոտված է լինում և կարող է բազմաթիվ հիվանդությունների պատճառ դառնալ։