Վաճառվող թութն Ադրբեջանի՞ց է գալիս (տեսանյութ)
«Ուտում ենք, առանց իմանալու, թե ինչ»,-ահազանգում է Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լևոն Աճեմյանը։ Նա բարձրաձայնում է տրանսճարպերի մասին. «Այդ ճարպերը կան մարգարինի, կարագի, սփրեդի մեջ և դրանց մեծ քանակը շատ վնաս է օրգանիզմին»։ Մասնագետը չի բացառում, որ վերջին տարիներին երիտասարդացած սրտանոթային հիվանդությունների պատճառներից մեկը հենց սնունդն է, ու հատկապես՝ այս ճարպերի մեծ քանակի ընդունումը։ «Դրանք կարող են նաև իշեմիկ հիվանդություններ առաջացնել։ 5-14 տարեկան երեխաների մոտ հաճախ նկատվում է նաև ճարպակալում, ինչի պատճառը նույնպես կարելի է այստեղ փնտրել»։ Մեր երկրում սննդամթերքի մեջ տրանսճարպերը նորմավորված ձևով չեն առկա։ Որևէ մթերքի վրա նշված չէ դրանց քանակը։ «Շատ երկրներում մինչև 5 տոկոս իջեցրել են տրանսճարպերի առկայությունը, իսկ մեզ մոտ գուցե 50 տոկոս լինի, մենք չգիտենք»,-ընդգծում է պարոն Աճեմյանը։ Մասնագետի խոսքով՝ եթե մթերքի, մասնավորապես՝ կարագի դեպքում, 72 տոկոսից ցածր է յուղայնությունը, հավանականությունը մեծ է, որ այնտեղ տրանսճարպերի պարունակությունը բավականին շատ է։ «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի նախագահ Մելիտա Հակոբյանն իր հերթին կոչ է անում բնակչությանը, հատկապես ամռան շրջանում, զերծ մնալ դրսում վաճառվող գազավորված ըմպելիքների օգտագործումից։ «0,5 լիտրում 60 գրամ շաքար կա։ Դա մեկ օրվա համար արդեն իսկ շատ է մարդու համար»։ Տիկին Հակոբյանը հորդորում է բնական ըմպելիքներ խմել. թան կամ լիմոնադ։ Անդրադառնալով վերջին շրջանում թթից թունավորումների դեպքերին, սպառողների պաշտպանը նշեց, թե դա կասկածելի է։ «Կարծում եմ, որ դա ոչ թե Մեղրիի, այլ տարբեր ճանապարհներով Ադրբեջանից եկած թութ է։ Շատ ժամանակ հիվանդություն ունեցող մարդիկ են հավաքում այդ թութը, կեղտոտ ձեռքերով, որի արդյունքում մարդն ուտելով՝ թունավորվում է»,-շեշտեց նա։