Արցախը Էկոտուրիզմի սիրահարներին է ներկայանում նոր հնարավորություններով
Ակտիվ հանգստի սիրահարներն այսուհետ հնարավորություն կունենան ծանոթանալ Արցախի Խնձրիստան, Պատարա, Աստղաշեն համայնքների բնությանն ու պատմամշակութային ժառանգության արժեքներին` մասնակցելով այստեղ կազմակերպվող էկոճամբարներին և շրջագայություններին: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Էկոգյուղ» ՀԿ-ների կողմից «Էկոխնձորիստան էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացում» ծրագրի շրջանակներում այս գյուղերում նախագծվել և ստեղծվել են երթուղիներէկոտուրիզմի համար,տեղադրվել են տեղեկատվական, ուղեկցող ցուցանակներ` էկոերթուղիների,տարածքի կենսաբազմազանության և պատմամշակութային ժառանգության վերաբերյալ: «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արսեն Գասպարյանը նշում է, որ ծրագիրը նպատակ ունի Խնձրիստան, Պատարա, Աստղաշեն համայնքների ունեցած բնապատկերային և մշակութային պոտենցիալն օգտագործել` այդ տարածքներում զբոսաշրջություն կազմակերպելու համար: «Մեզ համար շատ կարևոր է, որ այդ տարածքների բնական պոտենցիալը ճիշտ օգտագործվի: Կարևոր է հատկապես, որ տեղի բնակչությունը լիարժեքորեն ներգրավվի այս ծրագրում: Սկզբում դժվար էր գյուղացիներին համոզել իրենց արտադրանքն իրացնել ճանապարհամերձ տարածքներում` վաճառք իրականացնելու միջոցով, սակայն դա ևս հաղթահարվեց և այս տարածքներ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել տեղացիների կողմից արտադրվող և վաճառվող ապրանքներ»,- նշեց Գասպարյանը: Նշենք, որ Պատարա գյուղը հայտնի է 200-ից ավելի հաշվառված հուշարձաններով. Հայկական լեռնաշխարհի տարածքում հուշարձանների խտությամբ, երրորդ բնակավայրն է: Աստղաշենում է գտնվում միլիոնավոր տարիների ընթացքում պահպանված բրածո ծովաշուշանները, որոնք աստղերի ձևով երևան են գալիս հողի մակերեսին: Հարակից Ծաղկաշատ գյուղում է գտնվում նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարանը: Խնձորիստան գյուղից հնարավոր է արշավներ կազմակերպել դեպի պատմական Կաքավաբերդ։