Կաթողիկոսը օծեց վարչապետի և նրա ընտանիքի միջոցներով կառուցված եկեղեցին
Մայիսի 31-ին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ներկայութեամբ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանի, կատարուեց Արտաշատ քաղաքի Ս. Յովհաննէս Աւետարանչի անունը կրող նորակառոյց եկեղեցու օծման արարողութիւնը:
Ս. Յովհաննէս եկեղեցին, որի հիմնարկէքը կատարուել է 2002 թ. հոկտեմբերի 29-ին, կառուցուել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանի եւ Աբրահամեան ընտանիքի բարերարութեամբ: Նախագծի հեղինակներն են ՀՀ վաստակաւոր ճարտարապետ Արտակ Ղուլեանը եւ ճարտարապետ Էմմա Ֆահրադեանը:
Եկեղեցու առջեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ ՀՀ նախագահին դիմաւորեցին Արարատեան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը եւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանը: Արարատեան Հայրապետական թեմի հոգեւորականաց դասի եւ ՀՀ պետական բարձրաստիճան պաշտօնեաների ուղեկցութեամբ Նորին Սրբութիւնը եւ ՀՀ նախագահը «Հրաշափառ» շարականի ներքոյ առաջնորդուեցին եկեղեցի, ուր սկսուեց շքեղակառոյց տաճարի օծման արարողութիւնը:
Շարականների եւ սաղմոսների ներքոյ ջրով եւ գինով լուացուեցին եկեղեցու Ս. Սեղանը, սիւները եւ մկրտութեան աւազանը: Այնուհետեւ խորան բարձրացուեց Սրբալոյս Միւռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը: Ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի, Մայր Աթոռի դիւանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի, Մայր Աթոռի Վանորէից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանեանի, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանի, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի եւ Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի օծուեցին եկեղեցու խորանի սիւները, մկրտութեան աւազանը եւ խորանի շուրթը: Այնուհետեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ նորակառոյց եկեղեցին կոչուեց Ս. Յովհաննէս Աւետարանիչ առաքեալի անունով:
Հաւարտ եկեղեցու օծման, Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամն ու հայրապետական օրհնութիւնը բերեց ներկայ ժողովրդին: Նորին Սրբութիւնը, առանձնակի գոհունակութեամբ ողջունելով ՀՀ նախագահի, պետական բարձրաստիճան այրերի եւ հաւատաւոր ժողովրդի ներկայութիւնը, վստահութեամբ նշեց, որ Սուրբ Յովհաննէս եկեղեցու օծումը հայրենի երկրում պիտի յաւելի օրհնութիւնն ու երկնառաք շնորհները:
«Հայոց հինաւուրց մայրաքաղաք Արտաշատում վեր յառնած այս հոյակերտ եկեղեցին, յիրաւի, նոր հոգեւոր շունչ եւ վերելք է բերելու համայնքային կեանքում` հրաւիրելով աղօթքի, աստուածպաշտութեան, ազնիւ ու արդար, հայրենաշեն ու ազգանուէր գործերի: Եկեղեցու կամարների ներքոյ բարեպաշտ հայորդիք պիտի զօրանան ոգով, առ Աստուած սիրով, ստանան հոգեւոր մխիթարութիւն` իրենց սրտերում գոհաբանութեան զգացումով հնչեցնելով սաղմոսերգուի խօսքերը. «Տէ՛ր, սիրեցի Քո տան վայելչութիւնը եւ Քո փառքի բնակութեան վայրը»: Եկեղեցին Բարձրեալի ներկայութիւնն է մեր կեանքում, ուր ամէն հաւատաւոր` աշխատաւոր թէ իշխանաւոր, այր թէ կին, երիտասարդ թէ տարէց, խոնարութեամբ են մուտք գործում եւ իրենց հոգու հայցը բարձրացնում առ Աստուած, գոհաբանութիւն մատուցում Տիրոջը Իր անգին պարգեւների, Իր հայրական խնամքի եւ օրհնութիւնների համար: Եկեղեցին սրբութիւն է պարգեւում` իր նուիրական կամարների ներքոյ համախմբուած հաւատացեալների հոգիներից ներս հեղելով աստուածային կենարար շնորհները, առաջնորդելով Աստծոյ հետ աղօթական հաղորդակցութեան, Տիրոջ հետ մերձաւորութեան: Աղօթավայրի օրհնեալ հարկից ներս Սուրբ Հոգու շնորհների ներազդեցութեամբ սրբութեան կնիքն ու դրոշմն է կրում հաւատացեալ անձը, պայծառակերպւում ու մաքրագործւում…: Մեր Սուրբ Եկեղեցին հայի հոգու ծննդավայրն է, ինչպէս բնորոշում է մեր մեծանուն բանաստեղծ Վահան Թեքեյեանը, քանզի մեր Մայր Եկեղեցու սուրբ աւազանից ենք ի հոգեւորս ծնւում իբրեւ քրիստոնեաներ, այստեղ ենք զօրութիւն ստանում հոգեւոր կեանքի եւ առաքինութիւնների իրագործման համար: Եկեղեցու հովանու ներքոյ մենք հաղորդակցւում ենք մեր հոգեւոր-ազգային դարաւոր արժէքներին, մեր պատմութեանը, հայոց ազգային ինքնութիւնը ձեւաւորած անգին ժառանգութեանը մեր հայրերի: Այստեղ ենք մենք ճանաչւում որպէս յետնորդները Աստծոյ խօսքը հայերէն հնչեցրած, հայոց գրերը երկնած Մեսրոպ Մաշտոցի եւ հայոց ոսկեդարը կերտած նրա աշակերտների, հայ ոգու եւ նկարագրի վրայ անջնջելի դրոշմը տպաւորած Վարդան Մամիկոնեանի, Գրիգոր Նարեկացու, Ներսէս Շնորհալու, Ցեղասպանութեան մեր սուրբ նահատակների եւ մեր բազում սրբերի, ովքեր իրենց կեանքը դարձրեցին ընծայաբերում Աստծուն, ազգին ու հայրենիքին: Ահա այսպէս է եկեղեցին ամուր բերդը մեր ազգային ինքնութեան պահպանութեան, ազգային նկարագրի կերտման, հայոց ինքնագիտակցութեան ամրապնդման, ամուր բերդն է մեր հաւատքի, քանզի ըստ տէրունական առակի` սա Քրիստոս Վէմի վրայ հաստատուած այն տունն է, որն անսասան ու զօրեղ պիտի պահպանի այստեղ բնակուող իր զաւակներին: Եկեղեցու կառուցումը նաեւ ոգեկոչում է Ցեղասպանութեան մեր նահատակների յիշատակը, ովքեր զոհուեցին անկախ ու ազատ հայրենիքի տեսիլքը իրենց հոգում` երազելով, որ մեր ժողովուրդը անկախ պետականութեան հովանու ներքոյ հայրենեաց հաւատքով զօրացեալ` պայծառացնի իր կեանքը, ազգային-եկեղեցական անդաստանը: Ցեղասպանութեան մեր սուրբ նահատակների կտակին հաւատարիմ` դիմակայէնք մեր կեանքում առկայ դժուարութիւներին, չվհատուենք ու չտկարանանք խնդիրների ու մարտահրաւէրների առջեւ, այլ հաւատքով զօրացեալ եւ առ Աստուած ապաւինութեամբ իրականութիւն դարձնենք մեր բարօր ու առաջադէմ կեանքի, լուսաւոր ու հզօր հայրենիքի տեսիլքը», - ասաց Ամենայն Հայոց Հայրապետը:
Իր խօսքում Նորին Սրբութիւնը բարեպաշտ հայորդիներին մասնաւորապէս յորդորեց յաճախակի այցելել եկեղեցի, աղօթամատոյց մասնակցել աստուածպաշտական արարողութիւններին, ամրապնդել իրենց կամքը, ուժն ու կորովը` իրենց սրտերում կրելու լուսեղէն պատգամները Տէր Յիսուս Քրիստոսի, ապրելու աստուածահաճոյ ընթացքով, յաղթահարելու ժամանակների մարտահրաւէրները, կեանքի դժուարութիւնները եւ մշտապէս հաստատուն լինելու հաւատքի, հայրենասիրութեան ու ազգասիրութեան մէջ:
Եկեղեցու օծման առիթով Գարեգին Բ Հայրապետն իր օրհնութիւնը բերեց եկեղեցու բարերարին` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամեանին` ուրախութեամբ ընդգծելով, որ եկեղեցու պայծառութեան այդ նախանձախնդրութեան կրողն է նաեւ բարերարի որդին` Արգամ Աբրահամեանը, ով տարիներ առաջ յանձն առաւ Արարատի մարզի Մխչեան գիւղի Ս. Յովհաննէս եկեղեցու նորոգութեան աշխատանքների հովանաւորութիւնը` բարի աւանդ բերելով գիւղում հոգեւոր-եկեղեցական կեանքի առաջընթացին:
Ի գնահատութիւն եկեղեցական անդաստանում Աբրահամեան ընտանիքի բերած եկեղեցաշէն կարեւոր նպաստի` Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Հովիկ Աբրահամեանին շնորհեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» պատուոյ բարձրագոյն շքանշան:
Նորին Սրբութիւնը նաեւ իր օրհնութիւնը բերեց եկեղեցու ճարտարապետներին եւ շինարարներին:
Վերջում Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Աստուած միշտ պայծառ պահի նորակերտ այս եկեղեցին` ի վայելումն եւ ի մխիթարութիւն հաւատացեալ ժողովրդի: «Թող մեր սուրբ եկեղեցիների խորաններից սփռուող օրհնութիւնը հանապազ տարածուի մեր կեանքում եւ հովանի լինի Հայաստան եւ Արցախ հայրենի մեր երկրին, աշխարհասփիւռ հայ կեանքին, որպէսզի մեր ժողովուրդը ապրի անվրդով խաղաղութեան ու ապահովութեան մէջ եւ կերտի լուսաւոր գալիքը համայն հայութեան», - ասաց Հայոց Հովուապետը:
Հոգենորոգ այս առիթով Վեհափառ Հայրապետը տաճարին նուիրեց Տէր Յիսուս Քրիստոսի խաչելութեան սրբապատկեր: