Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեք նախագահներն էլ ԿԳԲ-ի դրածոներ են». Հայրիկյան

Քաղաքականություն
paruyr

ԱԻՄ-ականները հավաք են անցկացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց վրդովմունքն արտահայտելով 1921 թվականի այս օրը Խորհրդային Ռուսաստանի կողմից կնքված ռուս-թուրքական պայմանագրի առիթով։ Պայմանագրի գլխավոր նպատակն այն էր, որ Թուրքիան կարողանա իրեն կցել Հայաստանի տարածքը։ «Այն, որ պայմանագիրը կնքվել է առանց երրորդ կողմի՝ մեր երկրի մասնակցության, օրենքի խախտում է»,-շեշտել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Նա համոզմունք ունի, որ Ցեղասպանությունն այնպիսի բացասական հետևանքներ չէր ունենա մեր երկրի հետագա ճակատագրի վրա, ինչպիսին ունեցավ այս պայմանագրից հետո։ Նույնիսկ Ցեղասպանությունից հետո աշխարհում 2 միլիոնից ավելի բնակչություն ունեինք և եթե նրանք մեկ հարկի տակ լինեին, այսօր 25-30 միլիոն կլինեինք։ «Բայց, քանի որ տեղի ունեցավ ռուս-թուրքական այդ համաձայնագիրը, և Հայաստանի իշխանությունները չկարողացան բավարար չափով դիմադրություն ցույց տալ, այդ պայմանագիրը եղավ այն կնիքը, որով հաստատվեց Ցեղասպանությունը, որպես օրինաչափ երևույթ։ Այդ պայմանագրով Թուրքիային անցավ Արևելյան Հայաստանը, Ադրբեջանին հանձնվեց Նախիջևանը, հետագայում դրա ազդեցության տակ Արցախի խնդիրն ունեցանք։ Այսօր էլ այդ պայմանագիրը գործում է»,-նշել է գործիչը։ ԱԻՄ առաջնորդը վստահ է. մեր իշխանությունները երբևէ իշխանություն չեն եղել, այլ ԿԳԲ-ի դրածոներ, բոլոր երեք նախագահներն էլ։ «Եթե մյուսները խորամանկորեն լռում են, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն իր պարզունակությամբ հոխորտաց, թե ես այն իմաստուններից եմ, որ երբ մեզնից պահանջում էին չեղյալ համարել կամ չճանաչել այդ պայմանագիրը, ես ասում էի, որ դա սխալ է։ Այսինքն` մեր պետությունը ստրկացնող պայմանագիրը չեղյալ համարելը Տեր-Պետրոսյանի համար սխալ է»,-ասել է ԱԻՄ առաջնորդը։ Վստահ է. միայն բթամիտները կարող են ասել, որ ինչ էլ լինի՝ Ռուսաստանը լավն է մեզ համար։ «Տկարամիտներ կան, որ Պուտինի հրաժարականի պահանջը համարում են ոչ բնականոն»,-նշել է նա։ Պարոն Հայրիկյանի խոսքով,  ճիշտ կլիներ այս ուղերձները տալ նախագահին, բայց այդ նախագահը վաղուց ապացուցել է, որ սխալմամբ է այդ պաշտոնում։ «Նրա ցանկացած գործունեություն՝ կապված արտաքին քաղաքականության հետ, ցույց է տալիս, որ նա իր հերթին ամեն ինչ անում է՝ զրոյացնելու համար մեր պետականության նշանակությունը»,-շեշտել է նա։ Հավաքի մասնակիցները՝ պարոն Հայրիկյանի գլխավորությամբ, պատրաստվում էին իրենց ուղերձը հանձնել մեր երկրում Ռուսաստանի դեսպանությանը, որում նշել էին, թե հավատում են, որ ռուսական քաղաքական միտքը պատմության աղբանոց կուղարկի այդ ցեղասպանակերտ պայմանագիրը։ Հավաքի վերջում մի ուղերձ էլ Արտաքին գործերի նախարարությանն են հանձնել, որից հետո հավաքի մասնակիցները քայլերթով շարժվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։