Հրանուշ Հակոբյան. Հայերն ու ճապոնացիները ընդհանրություններ ունեն
Հունվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ճապոնիայի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, Հայաստանում Ճապոնիայի գործերի հավատարմատար Կենիչիրո Սասամեն: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Երկուստեք կարևորվեց վերջերս Հայաստանում Ճապոնիայի դեսպանության բացումը և կողմերը վստահություն հայտնեցին, որ այն կնպաստի միջպետական հարաբերությունների զարգացմանը: Սփյուռքի նախարարը նշեց, որ մեր երկու ժողովուրդները մի շարք ընդհանրություններ ունեն՝ հազարամյակների պատմություն, բարձր մշակույթ և արժեհամակարգ, հինը, ավանդականն ու նորը համադրելու յուրահատուկ ունակություն, որով էլ պայմանավորված է փոխճանաչողության այն ցանկությունը, որ ունեն հայ և ճապոնացի ժողովուրդները: Ճապոնիայի պետնախարարը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և նշեց, որ Հայաստանի և հայկական Սփյուռքի մասին տեղեկացել է դեռևս դպրոցական տարիներին՝ կարդալով Վիլյամ Սարոյանի գրքերը: Մինորու Կիուչին նշեց, որ 100 տարի առաջ մեծ թվով ճապոնացիներ արտագաղթել են՝ հաստատվելով հիմնականում Լատինական Ամերիկայում և այլ երկրներում, այժմ Ճապոնիան ունի մոտ 3 միլիոնանոց սփյուռք: Նա ափսոսանք հայտնեց, որ կապերը ճապոնական սփյուռքի հետ սերտ չեն եղել, արդեն չորրորդ սերունդը ճապոնական սփյուռքում գրեթե չի խոսում ճապոներեն, և այդ համատեքստում Հայաստանի փորձը շատ օգտակար է և ուսանելի: Նա կարևորեց այն հանգամանքը, որ երկու երկրներն էլ, ունենալով անբավարար բնական ռեսուրսներ, պետք է աշխատեն մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ: Նախարար Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, որ հայ ժողովրդին շատ հոգեհարազատ է ճապոնական մշակույթն ու գրականությունը, Հայաստանում Ճապոնիան ընկալվում է իբրև առաջադիմականի և նորարարության կրող: Մինորու Կիուչիի խնդրանքով Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական Սփյուռքի ձևավորման պատմությունը, նախարարության գործունեությունը, իրականացվող ծրագրերը, այն մեխանիզմներն ու սկզբունքները, որոնցով առաջնորդվում է գերատեսչությունը Սփյուռքի 30 000 հայկական կառույցների ու կազմակերպությունների հետ աշխատելիս: Նա անդրադարձավ նաև Ճապոնիայի փոքրաթիվ համայնքի պատմությանը և հայ ու ճապոնացի նվիրյալների կողմից ստեղծված երկու ընկերակցությունների (Ճապոնա-հայկական բարեկամության ասոցիացիա և Ճապոնիա – Հայաստան ընկերակցություն) գործունեությանը: Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցակցին տեղեկացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն առնչվող խնդիրների մասին և ընդգծեց. «Մենք պայքարում ենք, ոչ միայն մեր իրավունքները պաշտպանելու, այլ նաև մարդկությանը այսուհետ նման հանցագործություններից զերծ պահելու համար»: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ պատմությունն արժևորում են ոչ թե այն կերտողները, այլ գալիք սերունդները, ովքեր, ինչպես ճապոնական առակն է վկայում. «Պետք է ամեն ինչին նայեն բաց աչքերով»: Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ հայ-ճապոնական բազմակողմանի հարաբերությունները այսուհետ զարգացման նոր, առավել արդյունավետ ուղով կընթանան: Վերջում Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Մինորու Կիուչին նշեց, որ չափազանց տպավորված է հայկական Սփյուռքի հետ նախարարության իրականացրած աշխատանքներով. «Շատ բան ունենք սովորելու ձեզանից»,- ասաց նա: Մինորու Կիուչին խոր ցավ հայտնեց հայ ժողովրդի ապրած բոլոր ողբերգությունների համար և հույս հայտնեց, որ դրանք այլևս չեն կրկնվի: