Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն հանգիստ կարող է հակադրվել ՌԴ-ին ՆԱՏՕ-ի հարցում. Անուշ Սեդրակյան (տեսանյութ)

Քաղաքականություն
140904064251_nato_summit_final_preparations_624x351_getty

Եթե ՆԱՏՕ-ի հետ ՌԴ հարաբերությունները սրվեն, ՀՀ-ն, ինչպես ԵՄ համագործակցության, այնպես էլ ՆԱՏՕ-ի դեպքում կկանգնի «կամ-կամ»-ի քաղաքականության առաջ՝ համոզված է քաղաքական փորձագետ Ստեփան Սաֆարյանը. «Ճիշտ այնպես, ինչպես ՌԴ-ն պարտադրեց ՀՀ-ին դադարեցնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, չպետք է բացառել, որ կարող է գալ դիմակայության այնպիսի մի մակարդակ, երբ ՌԴ-ն նաեւ պահանջի ՀՀ-ից` որպես իր դաշնակից ՀԱՊԿ-ում, նույնպես հետեւել իրեն, ոչ բարիդրացիական հարաբերություններ ունենալ ՆԱՏՕ-ի հետ»: Ուկրաինայի նկատմամբ ՌԴ գործողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ստիպեցին վերանայել համագործակցությունը: Արդյունքում ՌԴ-ն սառեցրեց բոլոր հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, թեեւ ՆԱՏՕ-ի հետ ուներ գործընկերության ամենաբարձր մակարդակը: Ստեփան Սաֆարյանը նկատում է` այժմ ՌԴ թե արտաքին քաղաքական, թե ռազմական դոկտրիններում ամրագրված է` ՆԱՏՕ-ն ՌԴ-ին ուղղված սպառնալիք է: Ուելսում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին, որին ներկա է նաեւ Սերժ Սարգսյանը, հիմնական հարցը Ուկրաինայում ՌԴ գործողություններն են: Այս նպատակով ՆԱՏՕ-ն ցանկանում է ստեղծել արագ արձագանքման ուժեր. «Եթե սա ազդելու է ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, այդ դեպքում չի կարող բավականին փոքր եւ անկախության եւ ինքնիշխանության բավականին ցածր աստիճան ունեցող ՀՀ-ն խնդիրներ չունենա: Այդ դեպքում խուսանավումների դաշտը նեղանում է նաեւ ՀՀ-ի համար: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին չի մտահոգում ՆԱՏՕ-ի հետ ՌԴ հարաբերությունների սառեցումը: Ըստ նրա` ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, սակայն ՀՀ-ն հանգիստ կարող է հակադրվել. «Մեղմ եւ վստահ, վճռական հակադրություն, եւ ես վստահ եմ, որ այդպես էլ կլինի, քանի որ ՌԴ անվտանգության համակարգերը մեր ունեցած ծանր վիճակում փաստել են իրենց ոչ կենսունակությունը եւ գործելու իրենց անկարողությունը, կամ ավելի վատ ցանկության բացակայությունը»: Տիկին Սեդրակյանի կարծիքով` ՀՀ-ն առավելագույն ճկունություն պետք է դրսեւորի ՆԱՏՕ-ի հետ համագործակցելիս: Ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա ըստ նրա, ՌԴ-ն կապերը խզում է ոչ միայն ՆԱՏՕ-ի հետ, այլև քաղաքակիրթ աշխարհի բոլոր ինստիտուտների հետ. «Նա երկաթյա վարագույր է իջեցնում իր ու քաղաքակիրթ աշխարհի միջեւ, քանի որ ձախողվել է իբրեւ տեխնոլոգիական, ժողովրդավարական պետություն եւ այժմ իրականացնում է վտանգավոր պետություն լինելու պրոյեկտը»: ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը հիշեցնում է` ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության իր ֆորմատն ունի` անհատական գործողությունների գործընկերության ծրագիր, որը 2004թ. սկսվելով` անցել է 5-րդ փուլի շրջանակը. «ՆԱՏՕ-ն կարող է աշխարհում շատ պետությունների հետ իր հարաբերությունները լավացնել կամ վատացնել, բայց մենք միայն պետք է մտահոգվենք մեր խնդիրներով ու շահերով, եւ մեր համագործակցությունը շարունակենք»: