Ադրբեջանը դրանով ուզում է մաքրել իր իմիջը․Գարիկ Իսրայելյան
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 12-17-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ գիտության և արվեստի STARMUS-7 փառատոնը։ Այս անգամ այն մեկտեղել էր երաժշտության և գիտության ոլորտի շուրջ վեց տասնյակ աշխարհահռչակ գործիչների։ Խոսնակների շարքում էին նաև այնպիսի նոբելյան մրցանակակիր գիտնականեր, ինչպիսիք էին Ջեյն Գուդոլը, Քիպ Թորնը, Սթիվեն Չուն, Միշել Մայորը և այլոք։ STARMUS յոթերորդ փառատոնը նվիրված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին և կրում էր The future of our home planet անվանումը։ Այդ 6 օրերի ընթացքում հրավիրված գիտնականները Բրատիսլավայի Tipos Arena մարզահամալիրի մեծ դահլիճում հանդես եկան շուրջ հինգ տասնյակ դասախոսություններով ու քննարկումներով, որոնք վերաբերում էին մարդկությանն ու գիտությանը։
Փառատոնը մեկնարկեց բացօթյա մեծ համերգով, իսկ մայիսի 15-ին տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած Սթիվեն Հոգինքի մեդալի հանձնման պաշտոնական արարողությունը։ STARMUS-ի և այս անգամ ընտրված թեմայի մասին «Ա1+»-ը զրուցեց փառատոնի հեղինակ և հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի հետ։
- Պարոն Իսրայելյան, այս տարի Ձեր հիմնադրած STARMUS փառատոնն ուղղված էր Երկիր մոլորակի պահպանմանն ու գլոբալ տաքացումների դեմ պայքարին։ Այդ առումով ինչպե՞ս եք վերաբերում այս տարի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի /COP29/՝ Ադրբեջանում անցկացմանը։ Չէ որ այդ երկիրը նավթ և գազ է արդյունահանում և մեծ ուշադրություն չի դարձնում մթնոլորտ վտանգավոր արտանետումների կրճատման վրա։
- Դա ուղղակի խայտառակություն է։ Վերջերս «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել էր իր տարեկան զեկույցը, որի համաձայն 180 երկրների ցանկում Ադրբեջանը գտնվում էր 164-րդ տեղում։ Հայաստանը 43-րդ հորիզոնականում էր և առաջ էր անցել անգամ Լեհաստանից ու ԱՄՆ-ից։ Իսկ ՄԱԿ-ն այդ շատ մեծ միջոցառումը, որն իրադարձություն է, անցկացնում է մի երկրում, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի քան 30 տարի է, դիկտատուրայի մակարդակով տապալվում է։ Հասկանում եմ, որ լոգիստիկ և այլ խնդիրների պատճառով, դժվար կլիներ Հայաստանում անցկացնել, բայց Ադրբեջանում անցկացնելու որոշումն էլ խոսում է այն մասին, որ այդ երկիրն ու իր նման պետությունները գազի և նավթի միջոցով կարողանում են ամեն ինչ գնել, կարողանում են ձայնազրկել ամենամեծ քաղաքական ուժերին։ Դա քաղաքականություն է։
- Նման քաղաքականության արդյունքո՞ւմ կարողացան COP29-ը տանել Ադրբեջան։
- Միանշանակ։ Նրանք ուզում են մաքրել իրենց երկրի իմիջը, իսկ մաքրելու ձևերից մեկն էլ այն է, որ Ալիևը ձեռքերով բարևի աշխարհի առաջնորդներին, դրոշի առաջ կանգնի ու նկարվի նրանց հետ։
- Այդ նույն լիդերներն այս տարի էլ գնալո՞ւ են Ադրբեջան, որ մասնակցեն COP29-ին այն դեպքում, երբ վերջին շրջանում իրենց երկրներից բավականին կոշտ հայտարարություններ են հնչեցրել Ադրբեջանի նկատմամբ։
- Անպայման գնալու են։ Ադրբեջանին կարող են ցեղասպանության մեջ էլ մեղադրել, բայց հետո ձեռքով կբարևեն առանց մտածելու, որ դրանով բարձրացնում են այդ դիկտատորի վարկանիշը։ Փողի համար կարող են։ Այդտեղ գումարն է առաջնային, որն Ադրբեջանը վճարում է ինչ-որ կառույցներին, հիմնադրամներին, որոնք պայքարում են, ասենք, բնական աղետների դեմ կամ ասում են, կանաչ մոլորակ ենք ուզում։ Նման հիմնադրամներ կան, որոնց վճարում ես, նրանք էլ լոբինգ են անում քո օգտին, սկսում են աշխատել քո օգտին։ Մարդու իրավունքները ետին պլան է մղվել։
- Այդ դեպքում աչքակապություն չե՞ն այդ նույն ղեկավարների՝ գլոբալ տաքացումների և այլ աղետների դեմ պայքարի մասին հայտարարությունները։
- Իհարկե։ Իսկ քաղաքականությունը շատ կարճաժամկետ ու փոփոխական մի բան է դարձել՝ ընտրություններից ընտրություն ընկած 4-5 տարիների կտրվածքով։ Եվ նպատակը ոչ թե լավ բաներ անելն է, այլ ընտրվելը կամ վերընտրվելն է։ Եթե քաղաքական համակարգի հիմքում դրվել է ընտրվելու նպատակը, դա փոխում է ամեն ինչ։ Եթե ընտրվելը կամ վերընտրվելը պահանջում է փոխել 4-5 տարի առաջ արած հայտարարությունը, կփոխեն։ Կան բիզնես պայմանագրեր, որոնք այսօր ավելի են գնահատվում, քան մարդու իրավունքների հարցը։
- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի քայլը, որ թույլ տվեց, COP29-ն անցկացվի Ադրբեջանում։
- Դա սխալ քայլ էր։ Փաստորեն Հայաստանի առաջ մի շարք պայմաններ են դրվում, որ եթե սա չանես, սա կանենք։ Մինչև այժմ շանտաժի քաղաքականություն է տարվել, վախի ռազմավարություն է կիրառվում։
- Հայաստանի այդ համաձայնությունից հետո Ադրբեջանը հայ գերիների ազատեց։ Նաև մեկնաբանություններ եղան, թե եթե COP29-ը աշնանն Ադրբեջանում անցկացվի, ուրեմն այդ երկիրն այս տարի Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումներ չի անի, ու մենք պատրաստվելու ժամանակ կունենանք։
- Այսինքն՝ ինչպես գնենք, որ պատերազմ չլինի՞։
- Գալով STARMUS-ին՝ նկատելի է, որ անցած տարիների ընթացքում փառատոնում գիտության մասնաբաժինն աստիճանաբար ավելացել է։ Եթե 2011թ․ առաջին STARMUS-ին 26 խոսնակ-գիտնականներ են մասնակցել, այս անգամ արդեն՝ 50-ից ավելի։ Ավելացել է նաև նոբելյան մրցանակակիր գիտնականների մասնակցությունը։ Ի՞նչ է սա նշանակում։
- Բնականաբար, որովհետև մենք ուզում ենք արվեստը, երաժշտությունն օգտագործել գիտությունն ավելի մասսայական դարձնելու համար։ Դա մեր առաջնային նպատակն է։ Մենք նաև ուզում ենք, որ արվեստի մարդիկ ավելի լավ ճանաչեն գիտնականներին, համագործակցեն նրանց հետ, միասին նախագծեր անեն։ Մենք ուզում ենք օգտագործել արվեստի ուժը, որն անհամեմատ արագ է հասնում մարդկանց։ Մենք դասախոսներին տանում ենք նաև համալսարաններ, դպրոցներ։ Սթարմուսի ազդեցության շառավիղը մեծացնում ենք։ Դա կարևոր է, որովհետև մեր նպատակը գիտության մասսայականացումն է, և դա լավագույնս կարող ենք համալսարանների միջոցով անել։
- Սլովակիան, ինչպես Հայաստանը փոքր երկիր է, իսկ գիտությունը մասսայականացնելու, STARMUS-ը հայտնի դարձնելու՝ նման հզոր միջոցառում կազմակերպելու, մեկ շաբաթ այդքան գիտնականներ և երաժիշտներ մեկտեղելու համար միջոցներ են անհրաժեշտ։ Արդյոք երկրների ընտրությունը զուտ մարքետինգային առումով կարևոր չէ։
- Ճիշտ է, պետք է հավասարակշռել այդ երկու պահանջները։ Բայց STARMUS-ը 2022թ․ Հայաստանում անցկացնելը շատ լավ օրինակ էր, որ փառատոն փոքր երկրներում էլ կարող է շատ հաջողված լինել և մեծ ազդեցութույն ունենալ։ Նույն սկզբունքով այս անգամ Սլովակիայում ենք կազմակերպել։
- Միգուցե սխալվեմ, բայց թվում է, թե Հայաստանի STARMUS-ում ավելի հոգի կար։
- Հավանաբար, քանի որ Հայաստանում երիտասարդները, ուսանողները շատ էին սպասում փառատոնին, մեծ ոգևորություն կար։ Մեր դասախոսներն էլ են ասում, որ դժվար թե կարողանանք մի այնպիսի երկիր գտնել, որ մեզ կարողանան Հայաստանի լավ նման ընդունել։ Նաև հյուրընկալության, հյուրասիրության հանգամանքը կար, ինչով Հայաստանը հայտնի է աշխարհում։ Դա STARMUS-ի դեպքում էլ դրսևորվեց, բոլորն ապշած գնացին։ Հայաստանում մեծ էներգիա կար։ Բացի այդ մեր ուսանողության մեջ տեխնոլոգիական գիտությունը գնալով ավելի հարգի է դառնում, տեխնոլոգիական գիտությամբ զբաղվել ցանկացող ուսանողության կորիզը կա։ Արդյոք Հայաստանում ստանում են այդ կրթությունը, դա այլ հարց է։ Ավելի շուտ չեն ստանում, բայց ուզում են, շատ են ուզում։ Եվ նրանք գնում են ԱՄՆ, Եվրոպա, որ լավ կրթություն ստանան։ Դրա համար այդ կորիզը STARMUS –ով ոգեշնչվեց։
- Ընդհանրապես STARMUS փառատոները ո՞ր երկրներում եք անցկացնում կամ ո՞ր երկրներում չեք անցկացնի։
- Մենք չենք ուզում անցկացնել այն երկրներում, որտեղ դեմոկրատական հասարակարգ չկա։ Մեզ համար շատ կարևոր են հատկապես երիտասարդ դեմոկրատական երկրները, որտեղ փառատոնի շրջանակներում ներկայացվող թեմաների կարիքը շատ է։