Շախմատի օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է
2014 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադայի անցկացումը հարցականի տակ է ։ Դա հաստատել է Նորվեգիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Յորան Օլին-Յանսոնը: «Մենք պետք է ազնիվ լինենք: Իրավիճակը շատ լուրջ է: Նորվեգիայի կառավարությունը մրցաշարի անցկացման համար հատկացրել է 75 մլն նորվեգական կրոն, սակայն վերջին տարիների ծախսերն ավելացել են: Օլիմպիադայի կազմակերպիչները երկրի կառավարությունից եւս 15 մլն կրոն են խնդրել, սակայն մերժում են ստացել»: Մրցաշարի կազմկոմիտեի տնօրեն Հանս Օլավ Կարդեն միանշանակ հայտարարել է, որ եղած գումարներով հնարավոր չէ մրցաշար անցկացնել: Հիշեցնենք, որ շախմատի համաշխարհային օլիմպիադան նախատեսված է անցկացնել նորվեգական Տրոմսյո քաղաքում, օգոստոսի 1-15-ը: Դրա ժամանակ պետք է տեղի ունենա նաեւ ՖԻԴԵ-ի նոր նախագահի ընտրությունը: