Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտեմ Ասատրյանը ՍԴ նիստում հստակ պատասխաններ չտվեց

Կարևոր լուրեր Քաղաքականություն
c0d6b47ed3fa225886dd667df57f2bf1

«Այդ պատասխանները ժամանակին պետք է ներկայացնեիք այնպես, որ հասարակությունը ձեզ ծափահարություններով ընդուներ». Նման դիտարկում արեց ՍԴ անդամ Կիմ Բալայանը՝ արձագանքելով ԿԲ խորհրդի անդամ Ներսես Երիցյանի՝ բարձր դատարան ներկայացրած պարզաբանումներին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկվող դրույթների վերաբերյալ: Ներսես Երիցյանից հետո ՍԴ հարցերին սկսեց պատասխանել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց՝ ստացվում է, որ այս համակարգով եկամտահարկ եւ սոցիալական անհատական վճարումներ կատարելու բեռը միայն աշխատողի վրա է դրված, իսկ գործատուի դերակատարումն այս հարցում զրոյականացվել է. «Բերեմ մի շարք երկրների համապատասխան փորձը, մասնավորապես Հունգարիայի օրինակը: Այստեղ եկամտահարկը կազմում է մոտ 26 տոկոս, որից 16 տոկոսը պետք է վճարի գործատուն, իսկ 8 տոկոսը՝ աշխատակիցը, ու այս եկամտահարկից արդեն 7 տոկոսը լինի սոցիալական անհատական վճար: Հիմա բացատրեք՝ ինչու է մեզ մոտ այսպիսի իրավիճակ»: Նախարարի պատասխաններն ավելի ընդհանուր էին, եւ նա կրկին հղում կատարեց 2013թ. կիրառության մեջ մտած «Եկամտահարկի մասին» օրենքին: ՍԴ անդամ Ֆելիք Թոխյանին հետաքրքրում էր՝ ինչպես կարելի է ներդնել մի համակարգ, որն այդպիսի ընդվզում է առաջացրել. «Նույնիսկ ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է (Սերժ Սարգսյանի խոսքերը-խմբ.), Փաստաբանների պալատը, Հանրային խորհուրդը դեմ հանդես եկան, ինչպես նաեւ՝ հասարակական ընդվզումը»: Նախարարը սկսեց խոսել պատճառներից: «Մենք պատճառները լսել ենք երեկ պարոն Հակոբյանից, ես ռիսկերն եմ ուզում իմանալ»,- նկատեց պարոն Թոխյանը: Ֆելիքս Թոխյանը նաեւ հավելեց. «Հնարավո՞ր է երկու-երեք տարով հետաձգել այս համակարգը ու չե՞ք կարծում, որ այդ շեմը բարձր է, գուցե նրանց համար, ովքեր ցածր աշխատավարձ են ստանում, երկու տոկոս սահմանվեր: Կամ ասենք, վերջին 10-15 տարում պարտադիրը սահմանեք: Ես մոդելներ եմ առաջարկում, որոնք ինձնից երեւի ավելի լավ կիմանաք»: Նախարարը վստահեցրեց, որ տարիներ շարունակ վերամշակումներ են արել օրենքի, եւ ճիշտ մոդել են ընտրել: «Մենք արդեն ուշացրել ենք համակարգի ներդրումը, ու եթե էլի ուշացնենք, դա ավելի ծանր իրավիճակների կբերի»,- ավելացրեց նախարարը: