Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղրիմ եւ Ղարաբաղ. Ոչ մի համեմատություն (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
krim

Ռուբեն Հակոբյանը միակն է, ով կարծում է, որ Ղրիմի հարցը կարող է նախադեպային լինել Ղարաբաղի խնդրի համար, եւ հայերը կարող են օգտվել նրանից, թե ինչպես է Ղրիմը պոկվում Ուկրաինայից. «Անկախ այն բանից, ինչ մեկնաբանություն կտան, դա բռնակցում կլինի, չգիտեմ ինչ կլինի»: ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը վստահ է` աշխարհը թույլ չի տա, որպեսզի մի հակամարտությունը լուծվի մեկ այլ հակամարտության սցենարով։ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ Ղրիմն ու Ղարաբաղը միմյանցից տարբերվում են հակամարտության հիմքերով, ղարաբաղցիներին տանջում ու խոշտանգում էին Ղարաբաղում, ռուսները Ղրիմում այդ խնդիրը չունեն. «Ղրիմում ինչպե՞ս պիտի ճնշեին մեծամասնությանը ուկրաինացիները, երբ որ Ղրիմի բնակչության մեծամասնությունը ռուսներ են»: Ուկրաինացի դիվանագետ Ալեքսանդր Բոժկոն ավելացնում է` հայերին ճնշել եւ տեղահանել են նաեւ Ղրիմում, դեռեւս Եկատերինա 2-րդի օրոք. «Իսկ հիշո՞ւմ եք Ստալինը ոնց է վարվել նույն հայերի, նույն թաթարների հույների հետ եւ դրանց փոխարեն բերել է Կենտրոնական Ռուսաստանից մարդկանց եւ իրենք չեն ներկայացնում տեղի բնակչությունը, ազգ, էսպես ասած»: Դեսպանը նկատում է՝ հայերը Ղարաբաղում եղել են եւ լինելու են բնիկ մեծամասնություն, ռուսները երբեք էլ Ղրիմում բնիկ ժողովուրդ չեն եղել, թեպետ պատմության ինչ-որ փուլերում Ղրիմն իսկապես եղել է Ռուսաստանի կազմում: Բայց Թուրքերին էլ Եգիպտոսը, Թունիսը եւ նույնիսկ Իսպանիան են պատկանել: Եվ ի՞նչ. «Եկեք հանրահավաք անենք այնտեղ, ուղարկենք Թուրքիայից այնտեղ ինչ-որ քանակությամբ մարդկանց, որոնք բարձրացնեն թուրքական դրոշը եւ կասեն` հա, մենք այստեղ եղել ենք, դա մերն է»։ Քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ Արցախի հետ համեմատության եզրեր չկան. «Որեւէ համեմատություն Արցախի հետ, դա սադրանք է Հայաստանի ու Արցախի նկատմամբ: Դա նշանակում է համեմատել Արցախի 88-ի փետրվարի 20-ի ԼՂԻՄ-ի Գերագույն խորհրդի որոշումը այս որոշման հետ, եւ հանրաքվեն այն հանրաքվեի հետ, այն խեղկատակության հետ, որը սպասվում է առաջիկայում»: Ըստ Դավիթ Շահնազարյանի, Ռուսաստանը Ղրիմի հանդեպ ագրեսիա է իրականացնում, ընդ որում ագրեսիա առանց սադրանքի, ոչ ոք նրան չի մղել մտնել Ղրիմ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ ռուսները կձախողվեն, քանի որ ազգային ինքնորոշում պահանջող երկրները հաջողություն են գրանցում սովորաբար Եվրոպայում, այսինքն՝ այն տարածքում, որտեղ գործում է եվրոպական արժեքների համակարգը։ «Տարածքները պետք է տարբերակել, պոստսովետական տարածքում պետք է էդ զուգահեռը չտանել, որովհետեւ դա երկու պարագայում էլ աշխատելու է իբրեւ խայծ անկախության, ազգային ինքնորոշման եւ եվրոպական կողմնորոշման ճանապարհին եւ էդ խայծը Հայաստանը պիտի կուլ չտա»: