Բացել լրահոսը Փակել լրահոսը
88
A A
Հասարակություն

Թիրախավորված տեղեկատվական գրոհը նպատակ ունի ոչ միայն պառակտում մտցնել ոստիկանական շարքերում, այլև վարկաբեկել ՆԳՆ պաշտոնյային․ ոստիկանություն

Այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածներ են հրապարակվել, թե իբր «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։

Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։ Հայտնում է ոստիկանությունը։

ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները, իսկ որոշ խնդրահարույց դեպքերով ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվում են ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ։

Թիրախավորված տեղեկատվական այս գրոհը, ինչի շրջանակում հրապարակվում են բացահայտ սուտ, որոշ դեպքերում նաև ծիծաղելի տեղեկություններ, ուղղորդվում է որոշ շրջանակների կողմից, և նպատակ ունի ոչ միայն պառակտում մտցնել ոստիկանական շարքերում, այլև թիրախավորել և վարկաբեկել ՆԳՆ պաշտոնյային։

Կոչ ենք անում կեղծիք տարածելով չդառնալ գործիք որոշ շրջանակների համար, քանի որ սրանով ոչ թե վարկաբեկվում է կառույցը կամ պաշտոնյան, այլ հենց լրատվամիջոցը, որը հրապարակում է բացահայտ սուտ տեղեկություններ։