Պահպանում ենք մշակույթը Մշակույթի նախարարությունից (տեսանյութ)
Այսօր հայտնվել ենք մի վիճակում, որ պաշտպանում ենք մշակույթը Մշակույթի նախարարությունից, բնապահպանությունը բնապահպանության նախարարությունից: Ասում է հրապարակախոս Կարինե Հակոբյանը: «Մշակույթի նախարարությունը պիտի հասկանա, որ իր առաքելությունը մշակութային օբյեկտները պահպանելն է, - նշեց նա: -Մի տեսակ հիմքը և խաղի կանոնները պիտի փոխել», - նկատում է հրապարակախոսը: Հակոբյանը գտնում է, որ նախարարությունը հաշվի կառնի հասարակության, մտավորականների ու մասնագետների կարծիքը և թույլ չի տա Գառնու տաճարի մոտ սրճարանի շինարարությունը: Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի կարծիքով՝ մենք այս հարցը «չոր» ենք դնում` կարելի է, թե չի կարելի: Նրա խոսքով` Եվրոպական երկրներում օրինաչափ է, որ հուշարձանների կողքին սրճարաններ կան: Քանդակագործին զարմացնում է հատկապես գյուղապետի պահվածքը. «Ինչու է նա շահագրգռված՝ սրճարանը կկառուցվի՞, թե՞ ոչ, Գառնու Ձորը աղբավայրի է վերածվել, քարերը թափվում են, իսկ նա ուշադրություն չի դարձնում», - նկատում է Առաքելյանը: Նա միաժամանակ հավելեց, որ սրճարանի կառուցումը պետք է անպայման հիմնավորվի: Ըստ քանդակագործի` վերջին ժամանակներս պետությունը միայն քանդելով է զբաղված։