Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտե՞ղ է երջանկությունը. մի քիչ ուշադիր եղեք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
a731f72422cd0df7339b3bddc786a223

Վերջին տարիներին անցկացված գրեթե բոլոր հարցումները վկայում են՝ հայերն աշխարհում ամենաքիչն են ժպտում, ամենադժբախտ ազգերից են։ «Եթե թոշակառուն աղբաման ա քրքրում, ես չեմ կարող ինձ բավարար երջանիկ զգալ։ Ռուսաստանի բոմժերից անցել ենք։ Որ էսքան օրենքները չէին խստացրել, էսքան կաշառակերությունը չկար, էսքան ալան-թալանը չկար, երջանիկ էինք զգում մի մոմենտ, 90-ականներին։ Ստե երջանկություն չկա, Հայաստանում երջանկություն ո՞րդե կա»,- ասում են մեր համաքաղաքացիները։ Հարցվածների մյուս մասը ցույց է տալիս, թե որտեղ է երջանկությունը, ավելին՝ առաջարկում է մի քիչ ուշադիր լինել. «Իմ ծնողները, իմ ընտանիքը իմ կողքին են, դա ինձ համար մեծ երջանկություն է։ Երջանիկ եմ նրա համար, որ ես անկախ եմ, ունենք մեր պետությունը»։ ՀՀ Միացյալ կոմկուսի երկրորդ քարտուղար Գեղամ Գալստյանի կարծիքով, սակայն, «Անկախությունը ոչնչացրեց մեր ժողովրդին»։ Գեղամ Գալստյանը դժբախտ է այն օրից, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Երջանկության նրա հիշողություններից մնացել են Խորհրդային Հայաստանի դրոշը, Իլյիչի արձանը եւ Իլյիչի պատգամները ընտանիքի մասին. «Ընտանիքը պետության հիմքն է՝ Իլյիչն է ասել»։ Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը զարմանում է՝ իսկ ո՞վ է երջանիկ. ինքը ապահով ընտանիքների եւ հայտնի անունների մոտ էլ երջանկության ընդգծված զգացում չի նկատել. «Մարդկանց զգալի մասը, հատկապես կանանց մեջ, ընդհանուր պատասխանը էն ա, որ եթե դու երեխայի կորուստ չունես, ընդհանրապես երջանիկ ես»։ Ազգագրագետը նկատում է, որ երջանկության զգացումը հայերիս մոտ դժվար է արտահայտվում երբեմն ֆիզիոլոգիական պատճառներով. «Հայաստանում վահանաձեւ գեղձի լուրջ պրոբլեմներ կան, բավական շատ, իսկ վահանաձեւ գեղձը պատասխանատու է մարդու դրական զգացումների համար»։ Հիմնական պատճառը, սակայն, մնում է այն, որ երջանկության եւ բարոյականության ընդհանուր եւ անհատական նորմերի մեջ լուրջ հակասություններ կան. «Մարդիկ չգիտեն, թե ինչպես տեղավորվեն, որպեսզի թե իրենց անհատական կյանքում դրական տեղաշարժ լինի եւ թե սա չհակասի հասարակական ընդհանուր բարոյականությանը»։