Նիկոլ Հարությունովը` աշխարհի չեմպիոն
Հայաստանի բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը Երեւանում ոսկե մեդալ նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտված առաջնությունում 81 կգ քաշային մեր մարզիկը եզրափակիչում անչափ լարված մրցամարտում միավորներով հաղթեց շոտլանդացի Սկոտ Ֆորեստին` 13:9 (2:1, 5:4, 6:4):
Այդպիսով, Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը ընդամենը երկու մրցանակ նվաճեց երեւանյան առաջնությունում: Բրոնզե մեդալի արժանացավ գերծանրքաշային Նարեկ Մելքոնյանը, որը միայն կիսաեզրափակիչում պարտվեց աշխարհի ապագա չեմպիոն, անգլիացի Լուիս Ֆարիին:
Աշխարհի առաջնության եզրափակիչ մարտերին հետեւելու էին եկել մեծ թվով հյուրեր, այդ թվում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ-Կուո Վուն:
Մրցաշարի եզրափակիչ մրցամարտերին եւ փակման արարողությանը հասցրեց ներկա լինել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը մարզահամերգային համալիր ժամանեց այն պահին, երբ ռինգ մտան Նիկոլ Հարությունովը եւ Սկոտ Ֆորեստը: