A
A
Մեկնարկել է 2026թ․ միասնական քննությունների առաջին փուլը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը:
Քննությունների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 142 ավագ և թիվ 135 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոներ։
Քննական գործընթացի մեկնարկից առաջ Ժաննա Անդրեասյանը նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում և զրուցել դիմորդների հետ:
Նախարարը հաջողություն է մաղթել նրանց և հետաքրքվել քննություններին նախապատրաստվելու, մասնագիտական նախընտրությունների հարցերով։
Ժաննա Անդրեասյանը նաև զրուցել է դիմորդների ծնողների հետ և լսել նրանց դիտարկումները քննական գործընթացի վերաբերյալ:
Նշենք, որ առաջին օրը դիմորդները քնություն են հանձնել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից: ԳԹԿ-ի տրամադրած տվյալների համաձայն` 2026 թ. միասնական քննությունների առաջին փուլում հայտագրվել է 12 538 դիմորդ։ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4657 դիմորդ․ քննությունն անցկացվել է 37 քննական կենտրոնում, որոնցից 27-ը մարզերում է, 10-ը՝ մայրաքաղաքում:
Հաշվի առնելով, որ եղանակային պայմանների պատճառով Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերից մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնելու դժվարություններ է ունեցել, նրանց համար կկազմակերպվի լրացուցիչ քննություն. ժամկետների մասին դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ։
Հաջորդ միասնական քննությունը տեղի կունենա վաղը «Ֆիզիկա» և «Ռուսաց լեզու» առարկաներից։