Շնորհակալություն շոտլանդական ձեւով
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Սելթիկ» - «Սպարտակ» Մոսկվա խաղի ավարտից հետո, որը ավարտվել էր դաշտի տերերի հաղթանակով, մարզադաշտում հնչել է ... իսպանական «Բարսելոնայի» օրհներգը:
Շոտլանդական ակումբի ներկայացուցիչները այդպես իրենց շնորհակալությունն են հայտնել կատալոնյան թիմին, որը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալով «Բենֆիկայի» հետ (0:0), «Սելթիկին» օգնեց մտնել փլեյ օֆֆ: Ավելին, շոտլանդացի երկրպագուների մի մասը մարզադաշտ էին եկել «Բարսելոնայի» մարզաշապիկներով եւ շարֆերով:
Ի դեպ, արդեն հայտնի են չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ մտած թիմերի հավանական մրցակիցները: Մասնավորապես, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմի` Դոնեցկի «Շախտյորի» մրցակիցը կարող են դառնալ գերմանական «Բավարիան», «Բորուսիան» (Դորտմունդ), «Շալկե-04»-ը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսպանական «Բարսելոնան», «Մալագան», ֆրանսիական ՊՍԺ-ն:
Իսկ ահա Մադրիդի «Ռեալի» մրցակից կարող են դառնալ միայն 5 թիմ` «Բավարիան», «Շալկե-04»-ը, «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն եւ իտալական «Յուվենթուսը»:
Նշենք, որ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: