Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նույն սկզբունքով

Սպորտ
8dfc13d5c416f6af1d87d0136ad9407a

2012 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրությունը կկատարվի նույն սկզբունքով: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակցին հայտնեց Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը:

«Անցած տարվա ընտրությունից հետո մի քանի լրատվամիջոցներ սկսեցին կասկածել հարցման արդյունքները: Ավելին, Հ 1 հեռուստաընկերության սպորտային մեկնաբանները հրաժարվեցին մասնակցել հետագա ընտրություններին: ՀՄԼՖ-ն լրատվամիջոցներից մեկի պահանջով տրամադրեց բոլոր քվեաթերթիկների պատճենները, որպեսզի ինքնուրույն հաշվարկ կատարի: Մինչ այսօր այդ ԶԼՄ-ն ոչ մի բողոք չի ներկայացրել» - ասաց Յուրա Ալեքսանյանը:

ՀՄԼՖ-ի գործկոմի հերթական ընդլայնված նիստում հենց քննարկվեց 2012 թ Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության հարցը: Նիստին մասնակցած գործկոմի անդամները եւ փորձառու մարզական լրագրողները մեկ անգամ եւս հաստատեցին, որ տարվա լավագույն մարզիկներին, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, պետք է ընտրեն միմիայն մարզական լրագրողները:

Գործկոմը որոշեց ոչինչ չփոխել ՀՄԼՖ-ի ընդունած եւ հաստատած կանոնակարգում եւ
լավագույն տասնյակին ընտրել նույն սկզբունքով: Մարզական լրագրողները տասնյակի իրենց տարբերակը լրացնելիս պետք է առաջին հերթին նախապատվությունը տան օլիմպիական խաղերի ծրագրի մեջ ընդգրկված մարզաձեւերին, օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնություններում, համաշխարհային ուսանողական խաղերում մեդալներ նվաճած, ինչպես նաեւ միջազգային խոշոր մրցումներում հայկական սպորտի պատիվը բարձր պահած մարզիկ-մարզուհիներին:

ՀՄԼՖ-ի գործկոմն առաջարկեց ամեն տարի անցկացնել շախմատի մրցաշար` մարզական լրագրողների մասնակցությամբ: