Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուքմեյքերները հավատում են հավասար հաշվին

Սպորտ
ba69442c7bc39ba1ac8bb8bf90168bd9

Աշխարհի բուքմեյքերական գրասենյակները կարծում են, որ այսօր կայանալիք «Շախտյոր» - «Յուվենթուս» խաղն ավելի շուտ ոչ-ոքիով (1,90 գործակից) կավարտվի, քան կհաղթի կողմերից որեւէ մեկը (3,50 - 4,00 գործակից):

Բանն այն է, որ ոչ-ոքի արդյունքը ձեռնտու է եւ Ուկրաինայի, եւ Իտալիայի չեմպիոնին, քանի որ այդ դեպքում երկու ակումբներն էլ մտնում են ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ:

Այդ «գործարքի» զոհը կդառնա լիգայի անցած մրցաշարի հաղթող Լոնդոնի «Չելսին», որը եթե անգամ սեփական դաշտում հաղթի դանիական «Նորդշելանին», ինչը կասկած չի հարուցում բուքմեյքերների մոտ, միեւնույն է, դուրս կմնա հետագա պայքարից:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն եւ մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հայտարարել են, որ այդ խաղում թիմը խաղադաշտ է մտնելու հաղթանակի համար:

Իտալացիների ավագ, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ասել է, որ իրենք հարգանքով են վերաբերվում մրցակցին, սակայն իրենց այդ խաղում ձեռք կտա միայն հաղթական հաշիվը:

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի կարծիքով՝ այդ խաղում իրենց օգտին, այնուամեայնիվ, կա մեկ դրական հանգամանք: Ըստ իսպանացի մասնագետի դա այն է, որ «Շախտյորում» լավ ֆուտբոլիստներ են խաղում, որոնց մասին բոլորն են խոսում, ուստի նրանք ձգտելու են ապացուցել ամբողջ աշխարհին, որ իսկապես լավն են:

Այն, թե կողմերից ով է ճիշտ գուշակություն արել, հայտնի կդառնա այսօր, կեսգիշերից հետո, երբ կավարտվի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին 6-րդ տուրի ամենկարեւոր մրցամարտը: