Լեւոն Արոնյանի հերթական գլուխգործոցը
Լոնդոնում անցկացվող դասական շախմատի հեղինակավոր մրցաշարում Լեւոն Արոնյանը հերթական շախմատային գլուխգործոցը արարեց:
4-րդ տուրում նա սեւերով մրցեց անգլիացի Լյուք Մաքշեյնի հետ: Լեւոն Արոնյանը պարտիայի միջնամասում մի քանի զոհաբերություն արեց: 61-րդ քայլից հետո նրա թագուհին ու զինվորը մնացին մրցակցի նավակի, ձիու եւ 3 զինվորների դեմ: Սակայն Լեւոն Արոնյանն ամեն ինչ այնպես էր հաշվարկել, որ Լյուք Մաքշեյնին անգամ թվային մեծ առավելությունը ոչինչ չտվեց: Արդյունքում, 76-րդ քայլին մեր շախմատիստը մատ հայտարարեց իր մրցակցին:
Լեւոն Արոնյանը առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Չորս տուրից հետո նա վաստակել է 4 միավոր եւ զբաղեցնում է 5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, որը 10 միավոր ունի:
Այսօր մրցաշարում ընդմիջում է հայտարարվել, իսկ վաղը կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը ազատ կլինի: 6-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: