Մերոնցից մնացին երեքը
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մարզադահլիճում տեղի ունեցող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 10 մասնակիցներից պայքարը շարունակում են միայն երեքը:
Երեկ կայացած 1/8 եզրափակիչ փուլում, ցավոք, պարտություն կրեցին եւ ելույթները ավարտեցին 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 75 կգ քաշային Արտավազդ Արոյանը եւ 52 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը:
Այդ արգելքը հաջողությամբ հաղթահարեցին 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը, որը պարտության մատնեց ուզբեկ Յահոնգիր Դավիդովին, եւ 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովը, ով պայքարից դուրս բերեց ամերիկացի Էնթոնի Սիմս կրտսերին:
Այսօր կկայանան քառորդ եզրափակիչ մարտերը: Առաջինը ռինգ կմտնի Տարոն Սողոմոնյանը, որը կմրցի կուբացի Ալեքսիս Վիլալոնի հետ: Նիկոլ Հարությունովը ուժերը կչափի անգլիացի Ստիդ Վուդոլի հետ, մեր գերծանր քաշային (+91 կգ) Նարեկ Մելքոնյանը կփորձի հաղթահարել խորվաթ Յոսիպ Գրանիչի արգելքը: Վերջին երկու մարտերը կկայանան երեկոյան ժամերին: