Գերմանիայում ավելացել է ֆուտբոլային խուլիգանությունը
Գերմանական «Բիլդ» թերթի հաշվարկներով տարեցտարի երկրում ավելանում են ֆուտբոլային խուլիգանությունները:
Ըստ ոստիկանության տվյալների 2011-12 թթ մրցաշրջանում բունդեսլիգայի եւ մարզային լիգաների խաղերի ժամանակ վիրավորվել են 1516 մարդ, այդ թվում 373 իրավապահ: Գերմանիայի խաղադաշտերում անցած տարվա ընթացքում 8143 իրավախախտում է արձանագրվել, որը 40 տոկոսով ավելի է նախանցած մրցաշրջանի համեմատ:
Գերմանիայի ոստիկանության կարծիքով գլխավոր մեղավորները ֆուտբոլային ակումբների ղեկավարներն են, որոնք ազատություն են տալիս ծայրահեղ տրամադրված ֆուտբոլասերներին:
Առաջին ակումբը, որը ակտիվորեն պայքարում է ֆուտբոլային խուլիգանության դեմ, հանդիսանում է Մյունխենի «Բավարիան»: Մասնավորապես` թիմի տնային խաղերի ժամանակ «Ալիանս Արենա» մարզադաշտի տարածքում հատուկ վրաններ են տեղադրվում, որոնցում մանրազնին ստուգման են ենթարկվում երկրպագուները (առավել կասկածելիները պարզապես մերկանում են):
Մյունխենյան նորամուծությունից դժգոհ են անգամ «Բավարիայի» ուլտրասները, որոնք ակումբի նախագահի ընտրության ժամանակ գործող նախագահ Ուլի Հյոնեսի դեմ են քվեարկել: