«Հայաստանում մեծ ջանքեր է պետք գործադրել»
Էստոնիայում բնակվող հայազգի գործարար Ավետիս Հարությունյանը МК-Эстония թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ ավելի դյուրին է գործ սկսել Էստոնիայում, քան Հայաստանում։
«Այստեղ ընկերություն ստեղծելու համար պահանջվում է 40 րոպե. հարկավոր է ստորագրել համապատասխան փաստաթղթեր եւ անցնել գործի: Հայաստանում հարցեր լուծելու համար անհրաժեշտ է հանդիպել մարդկանց հետ, մտերմաբար զրուցել, մեծ ջանքեր գործադրել վստահություն ձեռք բերելու համար»,-ասաց նա։
Ավետիս Հարությունյանը, որը նախկին ֆուտբոլիստ է եւ հանդես է եկել տեղի «Ֆլորա» թիմում, այժմ Տալինի «Արարատ/ՏՏՈՒ» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է: Վերջինս այս տարի առաջին տեղն է զբաղեցրել Էստոնիայի առաջնության 2-րդ խմբում եւ եկող տարվանից հանդես է գալու 1-ին խմբում:
«Թիմը շատ հաջող հանդես եկավ այս մրցաշրջանում եւ կատարեց իր առջեւ դրած առաջադրանքը: Այժմ լրջորեն պատրաստվում ենք 1-ին խմբի մրցաշարին, որը պրոֆեսիոնալ կարգավիճակ ունի: Դրա համար պետք է կատարենք արտոնագրման բոլոր պահանջները, մասնավորապես` ստեղծենք մանկապատանեկան թիմեր» - ասել է գործարարը: