Բրիտանիան դժգոհ է ՈՒԵՖԱ-ից
Բրիտանական լրատվամիջոցները Եվրոպայի ֆուտբոլային միությանը մեղադրում են երկակի քաղաքականություն վարելու մեջ:
Դրանք հիշեցրել են ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի այն որոշումները, որոնցից մեկով դանիացի ֆուտբոլիստ Նիկլաս Բենտները գովազդ ցույց տալու համար տուգանվել է 80 հազար ֆունտով, իսկ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան ռասիզմի համար պատժվել էր ընդամենը 32 հազարով:
Բրիտանական ԶԼՄ-ները կարծում են, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն պետք է լրջորեն պայքարի ֆուտբոլում գլուխ բարձրացնող ռասիզմի դեմ:
Բրիտանացիների համբերության բաժակը լցվել է վերջերս Եվրոպայի երիտասարդական առաջնության Սերբիա - Անգլիա անցումային խաղին տեղի ունեցած միջադեպը, երբ սերբ երկրպագուները անընդհատ կենդանական ձայներ են հանել, երբ գնդակը հայտնվել է անգլիացիների սեւամորթ խաղացող Դենի Ռուզի մոտ: Ի դեպ, հանդիպման վերջում մասսայական ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ:
«Կարծում ենք, որ հիմար որոշման արդյունքում Սերբիայի հետ միասին կպատժվի նաեւ Անգլիան: Այդ 17 հոգին (այդքան է ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամների քանակը) այն անձինք են, ովքեր պետք է ռազիսմը արմատախիլ անեն եվրոպական ֆուտբոլում: Ցավոք, նրանցից ոչ մեկը սեւամորթ չէ» - գրում է Sun թերթը:
ՈՒԵՖԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Սերբիա - Անգլիա խաղում տեղի ունեցած միջադեպին անդրադառնալու է նոյեմբերի 22-ին: