Ո՞ւմ համար ցավել
2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Եվրոպական գոտում այսօր տեղի կունենան 25 հանդիպում: ՈՒԵՖԱ-ի կազմի մեջ մտնող 53 երկրներից կհանգստանան Ֆինլանդիան, Մալթան եւ Հայաստանը: Ֆինները այլ տարբերակ չունեին, քանի որ ընտրական I խմբում ընդգրկված են կենտ թվով թիմեր, իսկ մալթացիներն ու հայերը չեն ցանկացել նույն տարում հանդիպել երկու անգամ (օրինակ, նույն I խմբում Բելառուսն ու Վրաստանը այսօր կավարտեն իրենց մրցակցությունը):
Նախատեսված 25 խաղերից մեզ, բնականաբար, հետաքրքրում են մեր հավաքականի առաջիկա մրցակիցների հանդիպումները: Իտալիայի հավաքականը Միլանում հյուրընկալելու է Դանիայի ազգային թիմին, իսկ Պրահայում կմրցեն Չեխիայի եւ Բուլղարիայի ընտրանիները:
Իտալական լրատվամիջոցները բավականին մտահոգված են այսօրվա խաղից առաջ, քանի որ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը դրանք համոզիչ չեն համարում, բացի այդ կասկածի տակ է թիմի ավագ եւ հիմնական դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասնակցությունը: «Իտալիան վիրավորված է» - այսօրվա առաջնորդողում գրել է «Կորիերա դելո սպորտ» թերթը:
Չեխիայում դժգոհ են հավաքականի երկրպագուները: Նրանք նախ հիասթափված են Մալթայի ընտրանու հետ խաղում իրենց թիմի ցուցադրած ֆուտբոլից, բացի այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիան բավականին թանկացրել է խաղի տոմսերը (ամենաէժանը` 60 եվրո): «Մալթայի նկատմամբ տարած միակ հաղթանակը (3:1) լավատեսություն չի ներշնչում» - նշում են տեղական լրատվամիջոցները:
Իսկ ինչ արդյունքները ձեռնտու կլինեն Հայաստանի հավաքականի համար այդ խաղերում: Հաշվի առնելով այն, որ Իտալիան իր կարգով բարձր է մեզանից, հետեւաբար դժվար կլինի մրցել նրա հետ, ցանկալի է, որ իտալացիները հաղթեն Դանիային, որպեսզի վերջինս միավորներ կորցնի 2-րդ տեղի համար պայքարում: Չեխիա - Բուլղարիա խաղում մեզ միանշանակ ձեռք է տալիս ոչ-ոքի արդյունքը, որպեսզի երկու թիմերն էլ կորուստ կրեն: