«Միկային» անհրաժեշտ է հաղթանակ
Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմին այսօր սկզբունքային հանդիպում է սպասում իսրայելական Էյլաթ քաղաքում տեղի ունեցող եվրոգավաթների խաղարկությունում:
Մեր շախմատիստուհիները 5-րդ տուրում վստահ հաղթեցին ռուսական «Նաշե Նասլեդիե» թիմին` 3:1, վաստակեցին 6 միավոր եւ բարձրացան 3-րդ հորիզոնական:
Այսօր նրանք կմրցեն իրենց հետապնդող «Աշդոդի» հետ, որը ունի 5 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: «Միկային» անհրաժեշտ է հաղթանակ, որպեսզի շարունակի պայքարը մրցանակային 2-3-րդ տեղերի համար:
Ոսկե մեդալների գլխավոր հավակնորդը Մոնտե Կառլոյի «Սերկլ Էչեսն» է: Աշխարհի առաջատար շախմատիստուհիներից կազմված թիմը 5 խաղում տարել է 5 հաղթանակ եւ միայնակ գլխավորում է աղյուսակը: Այսօր «Սերկլ Էչեսը» մրցելու է ետնապահ «Ռիշոնի» հետ, որը դեռեւս միավոր չի վաստակել:
Երկրորդ տեղում գտնվող «Ուգրան» ունի 9 միավոր, սակայն վերջին երկու խաղերում ռուսական թիմին դժվար մրցակիցներ են սպասում: