Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին
Ադրբեջանի սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Իսմայիլ Իսմայլովը «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը սպորտը խառնում է քաղաքանության հետ եւ անտեղի է հրաժարվում Ադրբեջանում անցկացվող սպորտային միջոցառումներից:
«Հայերը միշտ հայտարարում են, որ իրենք չեն մասնակցում Բաքվում անցկացվող մրցումներում ելնելով անվտանգությունից: Սակայն մենք բազմիցս նշել ենք, որ հայկական պատվիրակությունը ոչ մի խնդիր չի ունենա այդ հարցում»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Ենոքյանը, որը 2007 թ Բաքվում անցկացրած ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ եղել է Հայաստանի պատվիրակության ղեկավարը, այդ կապակցությամբ «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց.
«Ադրբեջանում մրցումներին մասնակցել-չմասնակցելու հարցը ոչ թե մենք ենք որոշում, այլ դա արվում է պետական մակարդակով: Այո, Ադրբեջանում մեր անվտանգությունը ապահովել են, ինչը պարտադիր պայման է ցանկացած միջազգային մրցումների ժամանակ, սակայն անընդհատ գտնվել զինված ոստիկանների հսկողության տակ այնքան էլ հաճելի բան չէ: Վերջին հաշվով երկու երկրների միչեւ ոչ մի կապ չկա, ուստի ոչ ոք, լինի դա մարզիկ, երգիչ, դերասան կամ քաղաքական գործիչ, ինքնուրույն չի կարող մեկնել Ադրբեջան, եւ հակառակը»:
Ի դեպ, Եվրոպայի ֆուտբոլային միությունը այն բանից հետո, երբ Հայսատանի եւ Ադրբեջանի հավաքականները հրաժարվեցին հանդիպել Եվրոպայի 2008 թ առաջնության ընտրական փուլի շրջանակում, երկու երկրների հավաքական եւ ակումբային թիմերին դրանից հետո իրարից բաժանում է վիճակահանությունների ժամանակ: