Անդրեա Պիռլո. Մնալ, թե` հեռանալ
Իտալական «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Զվոնիմիր Բոբանը Իտալիայի հավաքականի առաջատար կիսապաշտպան Անդրեա Պիռլոյին խորհուրդ է տվել ավարտել ելույթները ազգային թիմում:
«Կարծում եմ, որ Պիռլոն պետք է հրաժարվի իր պարտականություններից մեկից եւ հրաժեշտ տա հավաքականին: Այս պահին նրա խաղում թարմություն չի նկատվում: Դրա պատճառն այն է, որ նա ամռանը համարյա չի հանգստացել, իսկ այժմ էլ ժամանակ չունի ուժերը վերականգնելու համար» - ասել է խորվաթ ֆուտբոլիստը:
Անդրեա Պիռլոյի հարցը քննարկման առարկա է դարձել իտալական լրատվամիջոցներում: Ըստ դրանց, 33-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին արդեն 7 խաղ է անցկացրել, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է ցանկացած տարեց խաղացողի համար:
Արդյոք Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հանգիստ կտա տարեց առաջատարին, պարզ կդառնա առաջիկա օրերին, երբ նա կհրապարակի թիմի նախնական կազմը աշխարհի առաջնության ընտրական հերթական խաղերից առաջ: Համենայնդեպս, ոմանք խորհուրդ են տալիս նրան չընդգրկել Հայաստան մեկնող թիմի կազմում, սակայն խաղացնել Դանիայի հետ մրցամարտում:
Նշենք, որ իտալացիները Հայաստանի հետ կխաղան հոկտեմբերի 12-ին, Երեւանում, իսկ 4 օր անց Միլանում կընդունեն Դանիային: