Մալթա – Հայաստան խաղը «Հրազդան» մարզադաշտում
«Հրազդան» մարզադաշտում, որտեղ այս տարի պետք է անցկացվի ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Իտալիա հանդիպումը, նախկին լուսատախտակների փոխարեն տեղադրել են տեսաէկրաններ:
Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բացի դրանից փորձարկվել եւ թեստավորվել է նաեւ մարզադաշտի լուսային նոր համակարգը:
Ի դեպ, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկով սեպտեմբերի 7-ին կայանալիք Մալթա - Հայաստան աշխարհի 2014 թ առաջնության ընտրական հանդիպումը կցուցադրվի «Հրազդան» մարզադաշտի մեծ էկրաններին: Դա նշանակում է, որ մեր հավաքականի երկրպագուները հնարավորություն կունենան հանդիպմանը հետեւել ոչ թե կանգնած, ինչպես Ֆրանսիայի հրապարակում, այլ` նստած:
Ֆուտբոլասերների համար միակ խնդիրը կլինի խաղից հետո տուն հասնելու հարցը, քանի հանդիպումը սկսվելու է Երեւանի ժամանակով ժամը 22:00-ին, իսկ ավարտվելու է մոտ կեսգիշերին: