Կազմը չի փոխվի
Ստամբուլում տեղի ունեցող շախմատի համաշխարհային օլիմպիադայի այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Ուզբեկստանի թիմի հետ: Մեր թիմը հանդես կգան նույն կազմով, որով երեկ պարտություն կրեց Չինաստանից` Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան: Հուսանք, որ մեր շախմատիստներն այս անգամ լուրջ հետեւություն կանեն եւ խույս կտան անցանկալի կորուստներից:
Արդեն կայացած 7 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 11 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը: Մրցաշարային աղյուսակը 13 միավորով գլխավորում է Ռուսաստանը: Հաջորդ երկու տեղերը զբաղեցնում են Չինաստանն ու Ուկրաինան, որոնք իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր:
Հայաստանի կանանց հավաքականը ուժերը կչափի Ռումինիայի հետ: Այս խաղում մեր թիմը նույնպես հանդես կգա անփոփոխ կազմով` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա: Նշենք, որ Հայաստանը 10 միավորով ընթանում է 15-րդ հորիզոնականում:
Հանդիպումները կսկսեն Երեւանի ժամանակով 16:00-ին: