Յուրա Մովսիսյանը մալթացիներին չի ճանաչում
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեր առաջիկա մրցակցի` Մալթայի ընտրանու մասին շատ տեղեկացված չէ:
«Նրանց մասնակցությամբ մի քանի խաղ դիտել եմ, բայց անհատական ֆուտբոլիստների չեմ ճանաչում: Առաջիկա հանդիպմանը կփորձեմ լրացնել այդ բացը» - լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց նա:
Մեր թիմի պաշտպան Լեւոն Հայրապետյանը նույնպես տեղեկացված չէ մրցակցի մասին, սակայն հույս ունի, որ հավաքականի մարզիչները խաղից առաջ մանրամասը կծանոթացնեն մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերի հետ:
Իսկ ահա կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը ճանաչում է Մալթայի հավաքականի անդամներից մեկին, որի հետ խաղացել է իրանական ակումբում, սակայն վերջինս չի հրավիրվել Հայաստանի հետ խաղին:
«Մալթան թույլ մրցակից չէ: Այն Անդորրա չէ: Պետք չէ թերագնահատել մալթացիներին» - կարծում է Արթուր Եդիգարյանը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը համարում է, որ հարկավոր է 6 միավոր վաստակել առաջիկա երկու խաղերում:
«Այդ խաղերում հարկավոր է ձգտել արագ գոլ խփել: Դրանից հետո ավելի հեշտ կլինի մեր համար» - եզրակացրեց ֆուտբոլիստը: