ՀՀ-ի համար օլիմպիադան կսկսի հուլիսի 28-ին
2012 թ օլիմպիական խաղերը Հայաստանի համար կսկսվի վաղը, հուլիսի 28-ին:
Առաջինը մրցասպարեզ կմտնի մեր ձյուդոյիստ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Նա պայքարը կսկսի 1/32 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի գերմանացի ձյուդոյիստ Տոբիաս Էնգլմայերը: Առաջին արգելքը հաղթահարելու դեպքում մեր մարզիկը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի ադրբեջանցի Իլգար Մուսխիեւի հետ, որը ազատ է առաջին փուլում:
66 կգ քաշային Արմեն Նազարյանը ելույթները կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ կմրցի Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ Ռայմոն Օվինոյի հետ: Մրցամարտը կկայանա հուլիսի 29-ին: Դրա հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի Լեանդրո Կունյա (Բրազիլիա) - Պավել Զագրոնիկ (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:
Հուլիսի 28-ին մեդալի համար պայքար կմղի մեր միակ հրաձիգ Նորայր Բախտամյանը, որը ուժերը կփորձի 10 մ օդամղիչ ատրճանակով վարժությունում:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը կբացի բազմամարտի մրցաշարը: Նա ընդգրկվել է առաջին ցուցակում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 15 երկրների մարմնամարզիկները, այդ թվում Ադրբեջանի միակ ներկայացուցիչը: