Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը երկու ոճով կխաղա

Սպորտ
b4cadb6174b58e6bea2b19c9eed36e61

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը առաջիկա երկու ընկերական խաղերին նոր ֆուտբոլիստներ չի փորձարկի:

«Ինչպես գիտեք, մենք այս տարի արդեն երկու հանդիպում ենք անցկացրել, որոնք նոր խաղացողներին փորձարկելու համար էինք կազմակերպել: Հունաստանի եւ Ղազախստանի հավաքականների հետ խաղերում մեր համար ավելի շատ տակտիկական բնույթի կլինեն: Դրանց ընթացքում փորձելու ենք երկու տարբերակ, մեկը, որով խաղացել ենք անցած տարի, եւ 4+1+4+1 մարտավարությունը, որը կփորձարկենք այդ խաղերից որեւէ մեկում» - այսօր կայացած մամուլի ասուլիսին պարզաբանեց Վարդան Մինասյանը:

Մեկնաբանելով հավաքականի ընտրած կազմը՝ գլխավոր մարզիչը ասաց, որ հրավիրված 20 ֆուտբոլիստները լիովին բավարար են առաջիկա երկու խաղերին:

«Եթե մեր տեսադաշտում հայտնվի երիտասարդ տաղանդաշատ նոր ֆուտբոլիստ, ապա մենք անմիջապես կհրավիրենք թիմ: Առայժմ, չհաշված վնասվածք ստացած մեր խաղացողներին, հավաքականի մակարդակին համապատասխանում են այն ֆուտբոլիստները, որոնց հրավիրել ենք առաջիկա ուսհավաքին»:

Վարդան Մինասյանը իր սովորության համաձայն, զգուշավորությամբ խոսեց առաջիկա մրցակիցների, անգամ ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 150-րդ տեղում գտնվող Մալթայի ընտրանու մասին:

«Մալթան Անդորայի հավաքականից միանշանակ որակներով բարձր է: Թիմը ունի մեկ շատ բարձրակարգ հարձակվող, որը հանդես է գալիս Անգլիայում, շատ արագաշարժ է եւ արդունավետ խաղ է ցուցադրում»:

Այն, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչը լուրջ է վերաբերվում խմբի ամենաթույլ հավաքականին, նշանակում է, որ նա չի թերագնահատում ոչ մի մրցակցի, ինչը անչափ կարեւոր պայման է հաջող հանդես գալու համար: