Եղանակը ֆուտբոլի համար անբարենպա՞ստ է
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմած խաղացանկի այսօր պետք է մեկնարկեր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունը:
Սակայն ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը 1-ին տուրի հանդիպումները հետաձգել է՝ պատճառաբանելով՝ որ եղանակային պայմանները անբարենպաստ են (այսօր հանրապետությունում պարզկա եղանակ է, օդի ջերմաստիճանը՝ +12 - +14 աստիճան - խմբ.):
Ինչեւէ, այս հետաձգումը նոր խնդիր ստեղծեց բարձրագույն խմբի 8 թիմերի համար: Ֆուտբոլիստների խաղային տոնուսը պահպանելու համար Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» վաղը անցկացնելու է երկկողմանի խաղ: Անցած տարվա փոխչեմպիոն «Փյունիկը» խաղալու է իր դուստր թիմի՝ «Փյունիկ-2»-ի հետ:
Բրոնզե մեդալակիր «Գանձասարը» դեռ չի կողմնորոշվել այդ հարցում, քանի որ ըստ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին, թիմը խաղադաշտի հետ կապված խնդիր ունի:
«Միկան» այսօր արդեն երկկողմանի հանդիպում է անցկացրել, իսկ «Իմպուլսն» ու «Արարատը» նախատեսել են ընկերական խաղ կազմակերպել ֆուտբոլի ակադեմիայում: Վաղը ուժերի փորձարկում են նախատեսել Երեւանի «Բանանցն» ու Գյումրիի «Շիրակը»: Այն կկայանա «Բանանցի» մարզադպրոցում:
Հավելենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի 2-րդ տուրը տեղի կունենա մարտի 31-ին եւ ապրիլի 1-ին: