Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայակ» մրցանակ՝ 12 անվանակարգերում

Մշակույթ
e0a40da7b2af664ee54a695344ff9566

2012թ. մարտին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, "Orange Արմենիա" ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Երևանում կանցկացվի Ազգային կինոյի մրցանակաբաշխություն:

Արդեն պատրաստ է մրցանակաբաշխության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը, որն ընտրվել է նախօրոք հայտարարված մրցույթի արդյունքներով: Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված:

Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն հայերենում կոչվում է «հայակ», ըստ որի էլ ընտրվել է մրցանակի անունը` «ՀԱՅԱԿ»:

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը մասնակցում են միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը:

Ընդհանուր հաշվով մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:

Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի 11 անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի 12 անվանակարգերում։

Այս մասին հայտնում է "Orange Արմենիա" ընկերության մամլո ծառայությունը։