Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասական գործիքները կարող են հուշ դառնալ

Մշակույթ
80d83e08dd46b4e884badcaa0917424f

Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի առաջինից  յոթերորդ դասարանի լավագույն 30 աշակերտներ այսօր համերգ-քննություն հանձնեցին: Քննությունը, սակայն, ոչ թե գնահատականներ ստանալու համար էր, այլ մեկ անգամ ևս բարձրաձայնելու, որ դասական երաժշտությունը եղել է, կա ու միշտ կմնա:

«Այսպիսի միջոցառում դեռ չէր եղել մեզ մոտ: Տարեմուտին մենք տոն կազմակերպեցինք երեխաների համար: Իսկ նրանք էլ իրենց հերթին բերկրանք պատճառեցին ուսուցիչներին և ծնողներին՝ իրենց հիանալի կատարումներով»,- ասում է Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Դադյանը։

Պրոֆեսորը այսօր ղեկավարում է Սայաթ -Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Նրան մտահոգում է Հայաստանի երաժշտական շուկայում առկա ուղղվածությունը և այն, որ դասական գործիքները այնքան էլ չեն ձգում երիտասարդներին:

«Ես վախենում եմ, որ մի օր այդ գործիքները մեզ համար հուշ կդառնան»,- նշում է պրոֆեսորը, հավելելով, որ Հայաստանում կորչում է դասական երաժշտության նկատմամբ սերն ու ոգևորվածությունը:

Սվետլանա Դադյանը կարոտախտով է հիշում հորհրդային ժամանակները, երբ հայ արվեստագետները փառքի էին արժանանում պետական այրերի կողմից, իսկ այսօր այդ պատվո պատվանդանը ցավոք միայն գործարարների ու քաղաքական գործիչների համար է, որոնց կողքին արվեստագետները տեղ չունեն,- ասում է նա:

«Գոնե նորմալ աշխատավարձ տան, դրան էլ չենք արժանանում»,- նշում է պրոֆեսորը, ում աշխատավարձը երաժշտական դպրոցում ընդամենը 21 հազար դրամ է:

Իսկ ինչ վերաբերում է դաշնամուրի դասարանների աշակերտներին, նրանցից լավագույներն, ըստ պրոֆեսորի, կլքեն Հայաստանը: «Հայաստանում երեխաները միայն էսթետիկ կրթություն են ստանում, իսկ ճանաչում նրանք կարող են ձեռք բերել միայն դրսում»,- համոզված է Սվետլանա Դադյանը: