Մի բացառիկ համերգ կկայանա (տեսանյութ)
Հախնազարյանների երաժշտական ընտանիքը վաղը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում:
Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում հաղթանակած թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հայրը անվանի ջութակահար Սուրեն Հախնազարյանն է, որը երկար տարիներ նվագել է Կոմիտասի անվան լարային քառյակի կազմում: Մայրը կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Գայանե Հախնազարյանն է: Եղբայրը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Տիգրան Հախնազարյանն է:
Համերգի նախաձեռնողն ու կազմակերպիչը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան, որի համար այս երաժշտական ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը թանկ է յուրովի:
Ինչ-ինչ պատճառով, աֆիշներում սխալ տեղեկատվություն է գրացվել: Համերգը նվիրված է Գայանե Հախնազարյանի հոբելյանին, մինչդեռ ներկայացված է որպես համերգ՝ Հախնազարյանների ընտանիքի մասնակցությամբ:
Թեպետ սա այնքան էլ էականն չէ,- ասաց Էդուարդ Թոփչյանը,- կարևորն այն է, որ մի բացառիկ համեգ կկայանա:
Համերգին կհնչի միայն Բեթհովեն, ընտրությունը պատահական չէ:
Կոմպոզիտորի՝ դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի N 1 կոնցերտը Գայանե Հախնազարյանի նախասիրությունն է:
Նարեկի համար էլ Բեթհովենը համար մեկ կոմպոզիտորն է։ Նրա հետ համաձայն է նաև Էդուարդ Թոփչյանը: Եռակի կոնցերտն էլ, ինչ խոսք, երաժշտական ընտանիքի համար հիանալի հնարավորություն է՝ ներկայանալու համատեղ ելույթով: