370 ընտանիք կստանա 300 մլն դրամ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում 2026 թվականի առաջին եռամսյակում շուրջ 370 շահառուի նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 300 մլն դրամ։
Ըստ Աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ներկայացրած նախագծի՝ 2026 թվականի համար ծրագրերի բյուջեն կազմում է 2.4 մլրդ դրամ, սակայն դիմումների աննախադեպ աճի եւ 2025 թվականի վերջին ֆինանսավորման բացակայության պատճառով չվճարված դիմումների հաջորդ տարի տեղափոխման հետեւանքով լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։
2026 թվականի փետրվարի 24-ի դրությամբ աջակցություն է ստացել 646 շահառու, որոնց վճարվել է շուրջ 568 մլն դրամ։ Նրանցից 156-ը շահառու է դարձել մարզում հիփոթեքի աջակցության, 83-ը՝ կանխավճարի ապահովագրության, իսկ 407-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրերով։
Լրացուցիչ 300 մլն դրամի շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել շուրջ 370 շահառուի։ 90 շահառուի կտրամադրվի մարզում հիփոթեքի աջակցության, 70 շահառուի՝ կանխավճարի ապահովագրության, 210 շահառուի՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով։
Նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի պետական բյուջեի՝ ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստների միջոցառումից ֆինանսական միջոցների եռամսյակային տեղաշարժ կատարելու միջոցով։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կխթանվի ծնելիությունն ու կբարելավի ժողովրդագրական իրավիճակը։